Ի՞նչ են փնտրում եվրոպական հետախույզները Հայաստանում
АналитикаԵրեկվա տեղեկատվական հոսքերի մեջ կարծես անուշադրության մատնվեց առանցքային մի տեղեկություն, որն իրականում լույս է սփռում փաշինյանական վարչախմբի իրական նպատակների և Հայաստանն արտաքին քաղաքական վայրիվերումների տանելու, Արևմուտքի կառավարման ներքո հանգրվանելու վրա։ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կալին, քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ոլորտային գործակցության հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Սովորաբար արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարների այցերը գաղտնի են պահվում, երկրները չեն անոնսավորում նման հանդիպումները, առավել ևս պետության ղեկավարների գրասենյակների մակարդակով հաղորդագրություններ չեն տարածում։ Վերջին տարիներին սա առնվազն երրորդ այցն է, երբ վարչապետի գրասենյակը հաղորդագրություն է տարածում։
Անցած տարվա ամռանը Հայաստան էր այցելել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական ծառայության տնօրեն Ուիլյամ Բերնսը, որը հանդիպել էր նաև Նիկոլ Փաշինյանին։ Դրանից ամիսներ անց Հայաստան այցելեց Միացյալ Թագավորության արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը, ով, ինչպես հայտնի է սերտ առնչություններ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, անգամ համարվում է նրա կուռատորն ու հովանավորը։ Դրանից հետո հրապարակվեց Հայաստանում արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու, դրա ղեկին էլ նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանին դնելու, ծառայությունն էլ բացառապես վարչապետի ենթակայության տակ կազմակերպելու որոշումը։
ԱԱԾ-ի վրայից արտաքին հետախուզական գործառույթները հանվեցին, փոխանցվեցին նոր ծառայությանը, որի հաստիքացուցակն ու կառուցվածքը գաղտնի է։ Ավելին, ըստ որոշ լուրերի, թե Գրիգորյանը, թե նրա շատ ենթականեր հատուկ ուսումնառություն են անցնում Մեծ Բրիտանիայում, գտնվում են այդ երկրի անմիջական հսկողության տակ։ Տեղեկություններ տարածվեցին, որ և ԿՀՎ տնօրենը, և MI-6-ի ղեկավարը եղել են նաև Վրաստանում և Ադրբեջանում, սակայն այդ երկրները որևէ հաղորդագրություն չեն տարածել։
Այժմ էլ Հայաստան է գալիս տարածաշրջանում սեփական հետաքրքրություններն ունեցող մեկ այլ երկրի՝ ներկայումս Ռուսաստանի հետ ծայրահեղ վատ հարաբերություններ ունեցող Գերմանիայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը։ Թե իրականում ինչ են խոսել նա և Փաշինյանը, այդպես էլ չենք իմանա, սակայն փաստ է, որ Հայաստանը սկսել է ակտիվորեն համագործակցել արևմտյան հատուկ ծառայությունների հետ։ Եզրակացությունները թողնենք մեր ընթերցողներին։
Սոնա Անանյան