Գերիների հարցում որևէ տեղաշարժ չկա
АналитикаՀայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի տարածած հայտարարությունից անցել է արդեն 6 օր, սակայն մինչ օրս գերիների վերադարձի կոնկրետ օրվա մասին հստակ տեղեկություն չկա։ Հիշեցնենք այդ հայտարարության համաձայն՝ կողմերը պարտավորվում էին ազատ արձակել՝ Ադրբեջանը 32, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի գերիների։ Հայտարարությունն արժանացել էր գրեթե բոլոր կողմերի հավանությանը։ Միջազգային տարբեր խաղացողներ, կազմակերպություններ, գերտերությունների ներկայացուցիչներ ողջունել էին այդ փաստը՝ այն փոխվստահության կարևորագույն ազդակ համարելով, Ադրբեջանը սակայն չի շտապում ազատ արձակել հայ 32 ռազմագերիներին։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավաստիացնում է, թե ձեռք բերված պայմանավորվածություններն ուժի մեջ են, հորդորում սպասել։ «Կարծում եմ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք, մենք էլ ենք լիահույս, սպասում ենք, այսինքն, պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել, որևիցե նորություն դրա հետ կապված, փոփոխություն չկա»,- ասել է Սիմոնյանը։
Մյուս ՔՊ-ականները ևս հրապարակային հայտարարություններում պնդում են, թե առաջիկայում փոխանակումը տեղի է ունենալու, սակայն գործող իշխանություններն իրենք էլ տարակուսած են, չեն հասկանում, թե որն է պատճառը, որ Ադրբեջանն առայժմ ազատ չի արձակել։
Միևնույն ժամանակ Ադրբեջանն արդեն այդ հայտարարությամբ էական մի ձեռքբերման հասել է, մասնավորապես հայտարարության մեջ նշվում էր, թե հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում չի խոչընդոտելու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը Բաքվում անցկացնելու նախաձեռնությանը, և Դուբայում կայացած 28-րդ համաժողովի ընթացքում որոշում է կայացվել հաջորդն անց կացնել հենց Բաքվում, մինչդեռ Հայաստանն իր հայտարարության համար որևէ առաջընթացի չի արժանացել, իսկ գերիները դեռևս շարունակում են մնալ Բաքվի բանտերում։
Մանե Կարապետյան