Ի՞նչ գավաթներով խմել գարեջուր, և ի՞նչն է անճաշակության նշան․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Գարեջրի իսկական գիտակը տեղյակ է, որ այս խմիչքի յուրաքանչյուր տեսակի համապատասխանում է որոշակի գավաթ, որի ձևը նախատեսված է բացահայտելու այդ գարեջրի բոլոր որակները։ Իսկ ոչ մասնագետի համար գարեջրի բաժակների բազմազանությունը պարզապես զարմացնում է։ Տարբեր ժամանակներում (և նույնիսկ այսօր) դրանք պատրաստվել են տարբեր նյութերից՝ խեցեղենից, ճենապակուց, ապակուց, փայտից, մետաղից և նույնիսկ քարից կամ կաշվից։ Գարեջրի (կամ դրա նման մի բանի) համար նախատեսված առաջին գավաթները հայտնվել են մ.թ.ա յոթերորդ հազարամյակում։ Այո, այո, այստեղ վրիպակ չկա, դեռ այն ժամանակ, երբ մեր մոլորակի ժողովուրդներից շատերը դեռ չգիտեին, թե ինչ է անիվը, հին շումերներն արդեն սովորել էին յոթ տասնյակ տարբեր տեսակի գարեջրեր, իսկ դրանց համար՝ նաև քարից գավաթներ պատրաստել։ Հետագա դարերում գարեջրի գավաթի նյութն ընտրվել է մի քանի չափանիշներով, որոնցից հիմնականը եղել է խմիչքի համի պահպանումը։
Օրինակ՝ Ռուսաստանում գավաթները փայտից էին պատրաստում, ինչը թույլ չէր տալիս, որ խմիչքն արագ տաքանա։ Ֆրանսիայում շատ վաղ են սկսել ապակուց գավաթներ պատրաստել. այն և՛ գեղեցիկ էր, և՛ ամեն ինչ կարելի է խմել մինչև վերջին կաթիլը։ Գերմանիայում, սկսած 15-16-րդ դարերից, լայն տարածում են գտել լծակով բարձրացող կափարիչներով անագե թիթեղյա գավաթները։ Այն ժամանակ Եվրոպայում հիգիենայի հարցում ամեն ինչ վատ էր, և, հետևաբար, այդ կառուցվածքը հնարավորություն էր տալիս մաքուր պահել գարեջուրը: Բացի այդ, անագը այն միակ մետաղն է, որը ոչ մի կերպ չի ազդում գարեջրի համի վրա։ Չեխիայում ևս գարեջրի գավաթները պատրաստել են ապակուց, սակայն, ի տարբերություն ֆրանսիացիների, դրանք ունեցել են հաստ պատեր։ Ի դեպ, չեխերը դեռ վստահ են, որ բարակ պատերով բաժակների մեջ լավ գարեջուր լցնելը անճաշակության նշան է։ Ե՛վ չեխերը, և՛ գերմանացիները սիրում են արտահայտիչ բույրերով չզտված տեսակների գարեջրեր, և, հետևաբար, հայտնվել են գավաթներ, որոնք նեղանում են վերևում:
Նրանցից ավելի հեռու են գնացել Բելգիայում, որտեղ սիրում են մրգային համով գարեջրեր: Նման տեսակների համար հայտնվել են գավաթներ, որոնք շատ նման են կոնյակի բաժակներին: Իսկ նպատակը մեկն է եղել՝ վայելել գարեջրի բույրը։ Մեծ Բրիտանիայում ինչպես առաջ, այնպես էլ հիմա նախընտրելի է էլը՝ ֆերմենտացման գարեջուրը: Այնտեղ գավաթները հաստ հատակ ունեն և ընդարձակվում են դեպի վերև։ Բացի այդ, ընդունված է այդ ըմպելիքը չափել պինտաներով, և այդ պատճառով էլ գավաթներն ունեն 600 մլ տարողություն։ Գավաթների տարողությունների պատմությունն էլ է հարուստ: Կան 250 մլ տարողությամբ բաժակներ, ընդհուպ մինչև 1500 մլոց, կան նույնիսկ 100 մլ-ոց գավաթներ, որոնցից խմում են կյոլշ։ Այնուամենայնիվ, 500 մլ-ոց գավաթներն են միշտ եղել ամենատարածվածը: Գարեջրի ավանդույթների բազմազանությունը տպավորիչ է, բազմազան են նաև հարյուրավոր տեսակների գավաթները՝ դրանք ճաշակելու համար: Եվ այդ ամենը ոչ հենց այնպես, այլ որոշակի նպատակով, այն է՝ բացահայտել գարեջրի բոլոր նրբությունների բազմազանությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում