«Տատիկ-պապիկի» մոտ դարանակալած ադրբեջանցիների կրակից 11-ամյա Կառլենը վիրավորում ստացավ
ИнтервьюՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնգօրյա պաշարումից հետո Մարտակերտի ներքին ենթաշրջանի բնակչության տեղահանման համար սեպտեմբերի 23-ին բացվեց Մարտակերտ-Դրմբոն-Ստեփանակերտ միջշրջանային ճանապարհը։
MediaHub-ի զրուցակիցը Աղաբեկալանջ գյուղի բնակչուհի Իրինա Աղաբեկյանն է։ Նրա ընտանիքը ևս տուժել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։ Նախքան Հայաստան տեղափոխվելը, շրջաններից տարհանված բնակիչները, այդ թվում՝ Իրինայի ընտանիքը մի քանի օր մնացել են Իվանյանի օդանավակայանում, այնուհետև Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում։ «Ով որտեղ կարողանում քնում էր, մի քանի ընտանիք մի փոքր հյուրասենյակում էր ապաստանել, անգամ միջանցքներում տեղ չկար, այնտեղ էլ էին քնում մարդիկ, պայմաններ չկար, ուտելիք ևս։ Շատ դաժան օրեր էին։ Ադրբեջանական զինված խմբավորումները Ստեփանակերտի արվարձաններում էին, քաղաքում էլ երևում էին իրենց համարանիշներով ավտոմեքենաները»,- ասում է մեր զրուցակիցը։
Իրինայի դժվարությունները, սակայն, կրկնապատկվեցին այն ժամանակ, երբ զինադադարից հետո նրա որդին՝ 11-ամյա Կառլեն Սողոմոնյանը վիրավորում ստացավ Ստեփանակերտում։
«Վերածննդի հրապարակում հայրս վատացավ։ Բժիշկ չկար, որ օգներ, հուսահատ վիճակում էի։ Այդ ժամանակ Կառլենը հրապարակում հեծանիվ էր քշում։ Տեսնելով, որ պապը վատացել է, առանց ժամանակ կորցնելու փորձում է օգնած լինել։ Նկատել է, որ Կարմիր խաչի մեքենան անցնում է Ստեփանակերտի կենտրոնական պողոտայով։ Հեծանիվը քշել է մեքենայի հետևից, որ Կարմիր խաչի աշխատակիցներին տեղյակ պահի՝ օգնության հասնեն։ Հեծանիվով հասել է մինչև «Տատիկ-պապիկ»-ի հուշարձանի մոտ, հասկանալով, որ մեքենան չի նկատել, չեն կանգնում, որոշել է հետ գալ։ Շրջադարձ անելու պահին հուշարձանի մոտ կայանված ադրբեջանական 2 մեքենայից կրակել են երեխայի ուղղությամբ, գնդակը կպել է ոտքին»,- պատմում է նա։
Մոր խոսքով՝ կրակելուց հետո Կառլենը սկզբից միայն տաքություն է զգացել ոտքի վրա, հետո նկատել է, որ արյուն է հոսում։ Այդ վիճակում երեխան հասել է հյուրանոցի տարածք. «Դուք չեք պատկերացնում այդ պահին իմ տագնապը, իմ ապրումները։ Մի՛ կողմից հայրս, մյո՛ւս կողմից՝ Կառլենը, ամեն ինչ խառնվել էր իրար։ Հյուրանոցում մի տղամարդ վիրակապեց Կառլենի ոտքը, հանգստացրեց, որ խուճապի չմատնվեմ։ Ամբողջ գիշեր արնահոսում էր, բժիշկ էլ չկար»։
Սեպտեմբերի 29-ին եկավ Արցախը լքելու Իրինայի հերթը։ Երևանից Ստեփանակերտ հասած ավտոբուսներով, արցախցի կինն իր մյուս հայրենակիցների հետ ևս հրաժեշտ տվեց ծննդավայրին ու եկավ Հայաստան։
«Վայքի բուժանձնակազմը մաքրեց Կառլենի ոտքը, վիրակապեց, ներարկում արեց, որից հետո տեղափոխվեցինք Արզնի։ Այնուհետև Կառլենին վիրահատեցինք Երևանում։ Բժիշկները որդուս ոտքից հանել են ենթադրյալ «Մակարով» տեսակի ատրճանակի գնդակ։ Կառլենը շատ էր ուզում, որ դա իբրև հիշատակ իրեն մնար, բայց չտվեցին, երևի քննության համար»։
Իրինա Աղաբեկյանի ընտանիքն ապրում է Արզնիում։ Կառլենի առողջական վիճակն այժմ բավարար է։ Դպրոց է հաճախում, ինտեգրվել է նոր միջավայրին։ Որդու հետ կատարվածը մասնագիտությամբ իրավաբան Իրինան ռազմական հանցագործություն է համարում, որի համար մինչ օրս ոչ մի միջազգային դատարան ճնշում չի գործադրել Ադրբեջանին։
Հունան Թադևոսյան
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live