Ինչի՞ համար է նախատեսված ջինսի փոքրիկ գրպանիկը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Ջինսը շատ պահպանողական հագուստ է: Իհարկե, ոչ թե կրելու առումով, այլ իր «կառուցվածքի»: Օրինակ՝ առջևի աջ գրպանի վերևում դրանք համարյա թե պարտադիր պետք է ունենան ևս մեկ փոքրիկ գրպան, առանց որի ջինսն արդեն ջինս չէ։ Իսկ այն մասին, թե ինչո՞ւ են արտադրողները ինչ-որ ժամանակ որոշել նման գրպանիկ կարել, դեռևս վիճում են: Հասկանալի է, որ խոսքը գեղագիտության մասին չէ։ Ի վերջո, ջինսերն ի սկզբանե նախատեսված են եղել ոչ թե նորաձևության համար, այլ որպես բանվորական արտահագուստ։ Այսինքն, այդ գրպանը պետք է ինչ-որ կիրառական ֆունկցիա ունենար։ Չնայած ջինսերի մոդելների բազմազանությանը, տղամարդկանց ջինսերը, որպես կանոն, ունենում են նույն քանակությամբ՝ հինգ գրպան։
Նորաձևության պատմությունը հստակ գիտի, թե երբ է անսովոր փոքրիկ գրպանիկը հայտնվել ջինսերի վրա։ Այս «մանրուքը» 150 տարեկան է։ Այն հայտնվել է 1873 թվականին՝ Levis ջինսի վրա և նախատեսված է եղել գրպանի ժամացույցների համար, այսինքն՝ թույլ է տվել կովբոյներին ապահով պահել շղթայով գրպանի ժամացույցները: Բանն այն է, որ մոտավորապես նույն ժամանակ ԱՄՆ-ում հայտնվել են էժան ու հուսալի ժամացույցներ, որոնք մատչելի են դարձել (բառի բոլոր իմաստներով) բանվոր դասակարգի համար։ Levis-ի կատալոգներում այն հիմա էլ կոչվում է «ժամացույցի գրպան»: Այդ տարրի հեղինակը ամերիկացի դիզայներ Ռեգալոն է։ Նա է հորինել այն գրպանիկը, որը, վարկածներից մեկի համաձայն, հատուկ նախատեսված էր ժամացույցներ պահելու համար։
Սակայն մեր օրերում գրեթե ոչ ոք գրպանի ժամացույց չի կրում: Ինչո՞ւ են, ուրեմն, այդ գրպանիկը թողել ջինսե տաբատների վրա: Ըստ Levi Strauss & Co-ի պատմաբան Թրեյսի Պանեկի, Levis ջինսե տաբատի փոքր գրպանն այսօր էլ կա, քանի որ այն ջինսին... ջինսի տեսք է տալիս: Սկզբում ջինսերի տերերն այն օգտագործում էին ոչ միայն ժամացույցների համար։ Այն ժամանակներում Ամերիկայում տիրող «ոսկու տենդը» գրպանիկին նոր կիրառություն է տվել: Փոքր, ամուր գրպանիկը հարմար էր լվացված ոսկու կտորները առանձին պահելու համար և օգտագործվում էր շատերի կողմից հենց այդ նպատակով: Ժամանակի ընթացքում ջինսե արդյունաբերության մեջ այդ ժամացույցի գրպանը «վերափոխվել» է մետաղադրամի պահման գրպանի:
Կարծիք կա, թե մետաղադրամները հաջողությամբ կարող են պահվել դրանում: Դա բավական վիճելի կարծիք է, և քչերն են դա անում։ Ծխողները մեկ այլ նպատակ են գտել այդ գրպանիկի համար. այն կատարյալ է փոքրիկ կրակայրիչի պահման համար: Միևնույն ժամանակ, կիթառահարներն այնտեղ սկսել են մեդիատորները պահել։ Սիրահարները յուրովի են օգտագործել փոքրիկ գրպանիկը. ճիշտ պահին այնտեղից հանվել են կա՛մ ռոմանտիկ բովանդակությամբ ծալված գրություններ, կա՛մ մտադրությունների լրջությունը մատնանշող մատանիներ, կա՛մ էլ հակաբեղմնավորիչ միջոցներ։ Մեր համակարգչային դարում շատերը սկսել են այնտեղ պահել ֆլեշ կրիչները. հարմար է, չի խանգարում և միշտ ձեռքի տակ է։ Այսպիսով, ներկայումս էլ փոքրիկ գրպանը, որն առաջացել է որպես դեկորատիվ դետալ, դարձել է ջինսերի գործնական և հարմար հավելում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում