Փաշինյանի քաղաքականությունը հարուցել է Իրանի դժգոհությունը
АналитикаՀայաստանի գործող իշխանություններն իրենք են խոստովանում, որ իրենց իսկ քաղաքականության հետևանքով լուրջ խնդիրներ են առաջացել հարևան Իրանի հետ, որը տարածաշրջանում Հայաստանի գրեթե միակ պոտենցիալ դաշնակիցն է և այդ երկրի դիրքորոշումից է առավելապես կախված Սյունիքի գլխին կախված վտանգը հեռացնելու հնարավորությունը։
Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ իբր՝ «Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները խորն են և Հայաստանը շարունակելու է նվիրված լինել այդ հարաբերություններին, բայց սա էլ այն դեպքերից է, որ ամեն ինչ պարզ չէ, մեր լավ հարաբերություններն Իրանի հետ որոշ տեղերում լարումներ են առաջացնում, մեր լավ հարաբերություններն այլ երկրների հետ Իրանում են լարվածություն առաջացնում»։
Ընդամենն օրեր առաջ Թեհրանում ընդունելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, թե տարածաշրջանային խնդիրների լուծման պատրվակով օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում Իրանի կողմից չի ողջունվում։ Ըստ էության, իրանցիները ոչ միայն այս անգամ, այլև նախկինում ևս բազմիցս արձանագրել են, որ դեմ են տարածաշրջան Արևմուտքի ներգրավման՝ հայաստանյան փորձերին և խնդիր են տեսնում։
Գործող իշխանություններն, իհարկե փորձում են տարածաշրջան արևմտյան դիտորդների ներգրավվումն ավելացնել։ Չի բացառվում, որ առաջիկայում այդպիսի դիտորդներ հայտնվեն նաև հայ-իրանական սահմանի մոտ, ինչը կարող է լրջորեն վնասել Թեհրանի և Երևանի հարաբերություններին, ուստի գործող իշխանությունները պետք է կարողանան լրջորեն հարաբերվել Իրանի հետ, ներկայացնել իր դիրքորոշումները տարբեր հարցերում և անպայմանորեն հաշվի առնել նաև իր հարավային, առանցքային հարևանի նկատառումները, մինչդեռ Փաշինյանի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ այս հարցում ևս Հայաստանի իշխանությունները որդեգրել են ամեն ինչ «վարի տալու» պրակտիկան։
Աստղիկ Սարգսյան