Արցախի իշխանությունների դեմ բռնաճնշումները գնալով ավելի են ուժգնանում
АналитикаԱրցախի իշխանությունների դեմ Հայաստանի գործող վարչախմբի բռնաճնշումները գնալով ավելի են ուժգնանում։ Նախօրեին երեկոյան դիմակավորված ուժայինները փողոցում ձերբակալել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահ, սամբոյի աշխարհի, Եվրոպայի նախկին չեմպիոն Աշոտ Դանիելյանին՝ նրան մեղադրելով թմրանյութ պահելու մեջ։ Ըստ Դանիելյանի ընկերների և ազգականների՝ նրա մոտ որևէ թմրանյութ չի եղել, այդուհանդերձ քննչական կոմիտեն մտադիր է կալանավորել Աշոտ Դանիելյանին, որը Եռաբլուրում հայհոյել էր լրագրողներին։
Թիկնապահի հետ կապված միջադեպը փաշինյանական վարչախումբն օգտագործել էր հակաարցախյան նոր տրամադրություններ սրելու և Արցախի իշխանություններին մեղադրանքներ հասցեագրելու համար։
Երեկ նաև հայտնի է դարձել, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հակակոռուպցիոն կոմիտեն հրավիրել է հարցաքննության։ Ըստ փաստաբանի՝ ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու դեպքերով։
Շահրամանյանն ինքն էր հաղորդում ներկայացրել քննչական կոմիտե, բայց տարօրինակ է, որ հենց այս դեպքերի համատեքստում են նրան կանչում հակակոռուպցիոն կոմիտե՝ տպավորություն ստեղծելով, թե քրեական գործ է հարուցվել Շահրամանյանի դեմ։
Արցախի նախագահն այսօր կոշտ է արձագանքել, հայտարարել է, թե այն, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են դրա վրա կափարիչ դնել, փակել հարցը։ Արցախցի պատգամավորներն ու պաշտոնյաները կասկած չունեն, որ գործող վարչախումբը թուրք-ադրբեջանական պահանջների իրականացման շրջանակներում փորձելու է նոր բռնաճնշումներ իրականացնել Արցախի պաշտոնյաների և պատգամավորների դեմ։
Ընդդիմադիր շրջանակներից թերևս միայն արցախցիներն են մնացել, որ առայժմ լուռ, սակայն դիմադրում են՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը վերջնական ոչնչացնում է Արցախի հարցը, ուստի և Փաշինյանը փորձելու է ավելի ու ավելի կոշտ մեթոդներ կիրառել Արցախի իշխանությունների դեմ՝ թույլ չտալով պետական ինստիտուտների պահպանումը Հայաստանի տարածքում։
Կարինե Ջուլհակյան