Փաշինյանական հերթական ավանտյուրան
АналитикаՀայաստանի իշխանությունները հերթական ավանտյուրան են նախաձեռնել, որը կարող է չափազանց թանկ և ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ուկրաինական լրատվամիջոցները տարածել, իսկ Հայաստանի սորոսական նրանց գործընկերները շարունակել են տեղեկությունների տարածումը, թե մարտի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ոչ հերքել, ոչ հաստատել է այս տեղեկությունը, իսկ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբախը դիվանագիտորեն ձևակերպել է այսպես, «Կարող եմ միայն ասել, որ գարունը շատ դրական իրադարձություններ կբերի Հայաստան»։
Թե ինչո՞վ է դրական Զելենսկիի այցը, որևէ կերպ, որևէ մեկը չի մեկնաբանել, իհարկե ուկրաինացի պաշտոնիայի հայտարարությունն իր երկրի պաշտոնական դիրքորոշման ներկայացումն է։ Ի դեպ, ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, թե Զելենսկին տարածաշրջանային այց է կատարելու և լինելու է նաև Բաքվում, Ադրբեջանից տեղեկությունը հերքել են, թերևս, նույնիսկ եթե նման քննարկում եղել է, ապա աշխատել են չզայրացնել Մոսկվային, իսկ այն, որ Զելենսկիի հնարավոր այցը Հայաստան կարող է ընդհանրապես հունից հանել պաշտոնական Մոսկվային, որևէ մեկը չի էլ կասկածում։
Ռուսաստանը չափազանց ցավագին է ընդունել վերջին 1-2 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների ձեռնպահ քվեարկությունները միջազգային կառույցներում ուկրաինառուսական հակամարտության հարցով, Աննա Հակոբյանի Կիև կատարած այցը, Զելենսկիի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները միջազգային տարբեր հարթակներում, նաև հայ-ուկրաինական շփումները՝ դրանք համարելով Ռուսաստանի դեմ իրականացվող քայլեր։ Ու եթե մի շարք դեպքերում հնարավոր էր տպավորություն ստեղծել, թե սա զուտ միայն Արևմուտքից պարտադրվող քաղաքականություն է, ապա Զելենսկիի այցը Հայաստան ընդհանրապես վտանգի տակ է դնում պաշտոնական Երևանին։ Անհնար է կարծել, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սրա հետևանքները չի հասկանում, թերևս հասկանալով և գիտակցված գնում է Ռուսաստանի հետ սրման։
Արամ Բարսեղյան