Եկեղեցին ժողովրդից պաշտպանելու կարիք չունի, ունի կարիք պաշտպանվելու սադրանքներից. Մկրտչյան
Аналитика«Հայկական երազանք» կուսակցության նախագահ Արմեն Մկրտչյանը կարծում է՝ Գարեգին Բ կաթողիկոսը պետք է պահանջի, որ հավատացյալները սահմանադրական հանրաքվեին «ՈՉ» քվեարկեն։
Արմեն Մկրտչյանի խոսքով, եկեղեցին ժողովրդից պաշտպանելու կարիք չունի, ունի կարիք պաշտպանվելու սադրանքներից, անարգանքից, ուստի մի խումբ երիտասարդներ ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու ակցիաների շարք են սկսել։
Արմեն Մկրտչյանը մտահոգություն է տեսնում սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ։ Տարիներ շարունակ հող են նախապատրաստել, որ ՀԱԵ դերը համահարթեցնեն Հայաստանում գործող այլ կրոնական կազմակերպություններին։ «Ամանորին կաթողիկոսի ուղերձը չեղարկելը վերջնականապես ապացուցեց այդ փաստը»,- նշել է Արմեն Մկրտչյանը։
Նա նշել է, որ չորս առանցքային փոփոխություն է նախատեսում իշխանությունը, որոնցից երկուսը ներառված են Անկախության հռչակագրում՝ Արցախի հարցի հանդեպ ՀՀ պահանջատեր լինելն է և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման երաշխավորը լինելն է։ Մյուս երկու կետերն էլ, որոնց շուրջ իշխանությունն անթաքույց խոսում է, եկեղեցու դերի նսեմացման և ազգային խորհրդանիշներից հրաժարվելու քայլերն են։ Հարցին, թե որտեղից են գալիս Հայ առաքելական եկեղեցու դեմ ճնշումները, Արմեն Մկրտչյանը պատասխանել է, թե իշխանությունից են։ «Իշխանությունն ունի այդ հնարավորությունները։ Միգուցե այլ ուժեր կամ խմբեր դրանում ևս շահագրգիռ են, բայց այդ քայլերն իրականացվում են իշխանության միջոցով»,- ասել է «Հայկական երազանք» կուսակցության նախագահը։ Նա նաև սխալ է համարել, որ կաթողիկոսը ուշ է արձագանքում համազգային կարևորության խնդիրներին, մինչդեռ հարկավոր է, որ եկեղեցին ավելի ըմբոստ դիրքերից հանդես գա։
Ըստ Արմեն Մկրտչյանի, եկեղեցին պետք է դիտարկել եզակի ինստիտուտ, որը միավորում է հայության ճնշող մեծամասնությանը։ «Եկեղեցականները կարող են սխալ լինել, սխալ որոշումներ կայացնել, բայց եկեղեցուն հարվածներ հասցնելը պետական գործիչներին վայել չէ»,- ասել է Մկրտչյանը։
Կարեն Մանուկյան