Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
ОбществоԵրևան, մարտ 14- Եվրոթերմ ընկերության 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ներառվելով պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում: Դրանով գործարքները ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց հասանելի են մարտի 14-ից։
Եվրոթերմի պարտատոմսերը տեղաբաշխել է Կոնվերս Բանկը 28.11.2023 -15.01.2024թթ. ժամանակահատվածում:
Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասել է. «Հայաստանում կապիտալի շուկայի հետագա զարգացումն անհնար է, այդ թվում՝ առանց թողարկողների և թողարկումների քանակական և ծավալային աճի, առանց գործընթացում իրական հատվածի ընկերությունների ներառման:
Եվրոթերմի պարտատոմսերի տեղաբաշխումը արդյունավետ համագործակցություն էր ու Բանկի համար նոր հաջողված փորձառություն, ինչի շնորհիվ մեր գործընկեր Եվրոթերմ ընկերությունը հասանելիություն ստացավ ֆինանսների ներգրավման այլընտրանքային տարբերակի: Իսկ նախատեսվածից սեղմ ժամկետում պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը ևս մեկ անգամ փաստեց իրական հատվածում գործող վստահելի ընկերությունների պարտատոմսերի նկատմամբ աճող պահանջարկի և այս ոլորտում Կոնվերս Բանկի քայլերի արդյունավետության մասին:
Այսօր պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման հարցում աջակցում ենք տարբեր փոքր և միջին ընկերությունների՝ նրանց համար ստեղծելով ֆինանսների ներգրավման նոր, այլընտրանքային հնարավորություններ, իսկ հաճախորդներին ընձեռելով ներդրումների նոր հնարավորություններ»:
Եվրոթերմ ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանի խոսքով ֆինանսավորման այլընտրանքային հնարավորությունների կիրառման մասին սկսել են մտածել վաղուց, սակայն պարտատոմսեր թողարկել են նախորդ տարի՝ շուկայի ու պոտենցիալ ներդրողների դրական տրամադրվածության պայմաններում: «Մեր ընկերության պարտատոմսերում մեծ թվով ֆիզիկական անձ ներդրողների առկայությունը վկայում է Եվրոթերմի նկատմամբ վստահության մասին: Այս տեղաբաշխման շնորհիվ ներգրավված միջոցները հիմնականում ուղղվել են ընկերության շրջանառու միջոցների համալրմանը: Չի բացառվում, որ հետագայում ունենանք ավելի մեծածավալ թողարկումներ կապիտալի համալրման կամ նոր բիզնեզ գաղափարների իրագործման համար»:
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի խոսքով, կապիտալի շուկայի զարգացումը բորսայի կարևորագույն առաքելություններից է, և այդ ուղղությամբ բազմաթիվ նախագծեր են իրականացվում: Նա նշում է. «Եվրոթերմի պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում նշանակալի քայլ է հայկական ներդրումային շուկայի զարգացման համար։ Հաշվի առնելով պարտատոմսերի հանդեպ աճող հետաքրքրությունը՝ մեր կարծիքով Եվրոթերմի պարտատոմսերի առևտուրը բորսայական հարթակում բավականին ակտիվ կլինի»:
«Եվրոթերմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը կարելի է ձեռք բերել բացառապես Հայաստանի Ֆոնդային Բորսայի առևտրային համակարգի միջոցով:
Մանրամասների համար կարող եք զանգահարել Հայաստանի ֆոնդային բորսա +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարով կամ գրել pr@amx.am հասցեին։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: