Որսորդների տեղաշարժման հարմարանքից՝ սիրված մարզաձև. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Ձյունառատ ձմեռներ ունեցող տարածքներում մշտապես ապրող մարդկանց համար առաջին դահուկները հայտնվել են հին ժամանակներում: Այս սարքերն օգնել են որս անող մարդուն՝ տարբեր իրավիճակներում պարզապես արագ շարժվել ձնառատ տեղանքով: Դեռևս 4300 տարի առաջ պատրաստված ամենահին դահուկներից մի քանիսը հայտնաբերվել են Ռուսաստանի Պսկովի մարզում: Դահուկների մասին հին հույն պատմիչների առաջին գրավոր վկայությունները թվագրվում են մեր թվարկության 6-7-րդ դարերով: 925 թվականին թվագրվող փաստաթղթերը պատմում են Նորվեգիայի թագավոր Օլաֆ Տրուգվասոնի մասին, որը սիրում էր դահուկ քշել:
Նորվեգացիներն առաջին ժողովուրդն էին, որ հետաքրքրություն դրսևորեցին դահուկային սպորտի նկատմամբ: Նորվեգիայի զորավար Հանս Էմահուսենը 1733 թվականին հրաման է արձակել բանակային կոչումների համար դահուկային մարզումներ անցկացնելու մասին՝ հստակ շեշտելով դրա սպորտային բաղադրիչը: 34 տարի անց՝ 1767 թվականին, տեղի են ունեցել այն ժամանակ հայտնի լեռնադահուկային սպորտաձևերի առաջին մրցումները։ 1862 թվականից սկսած՝ 2 տարի շարունակ Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում սկսել է գործել դահուկային աքսեսուարների ցուցահանդես, որն աննկատ չի մնացել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկների կողմից։
19-րդ դարի վերջում դահուկավազքը հայտնի է դարձել ոչ միայն Սկանդինավիայում, այլ նաև եվրոպական երկրների մեծ մասում։ 1877 թվականին Նորվեգիայում բացվել է առաջին լեռնադահուկային ակումբը, իսկ քիչ անց նմանատիպ ակումբներ են հայտնվել Ֆինլանդիայում, Շվեդիայում և այլ երկրներում։ Աճող ժողովրդականության հետ մեկտեղ հայտնվել են դահուկային տոներն ու փառատոները՝ Հոլմենկոլեն, Լահտիի խաղերը, Վասալոպպետը: Նորվեգիայում 1901 թվականը նշանավորվել է «դահուկային երկամարտ» սկզբունքով մրցույթների մեկնարկով: Սկզբում դրանց մասնակիցները եղել են միայն ֆինն ու շվեդ դահուկորդները։ Հետո՝ 1913 թվականից սկսել են մասնակցել հարևան Նորվեգիայի մարզիկները։ Ռուսական Կայսրությունում դահուկավազքի առաջին մրցումներն անցկացվել են դեռ 1894 թվականից, Նևայի սառույցի վրա դահուկավազքի մրցարշավների տեսքով։
Նորվեգիայում՝ Օսլոյում, 1910 թվականին ստեղծվել է Դահուկավազքի միջազգային հանձնաժողով, որը 14 տարի անց՝ 1924 թվականին, դարձել է Դահուկավազքի միջազգային ֆեդերացիա։ Հիմնադրման օրվանից մինչ օրս այդ կառույցն է եղել դահուկային սպորտի հիմնական մարմինը։ 1924 թվականի դահուկավազքի 18 և 50 կիլոմետրանոց մրցումները ներառվել են առաջին ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։ 1925 թվականին Չեխոսլովակիայի Յանսկե Լազնե քաղաքում տեղի է ունեցել աշխարհի առաջին առաջնությունը։ Սկզբում ընդունված էր նման մրցույթներ անցկացնել ամեն տարի, իսկ 1950 թվականից՝ չորս տարին մեկ անգամ։ 1985 թվականից ի վեր դահուկավազքի աշխարհի առաջնություններն անցկացվում են 2 տարին մեկ անգամ: 1980-ականներին ի հայտ է եկել դահուկավազքի նոր ոճ՝ «ազատ ոճը» կամ «չմշկասահքը»։
Նախկինում դահուկավազքի ժամանակ մարզիկները շարժվում էին դասական ոճով։ Հիմա էլ դահուկային սպորտի նոր տեսակներ են ի հայտ գալիս: Դրանցից ամենատարածվածներն են՝ հետապնդում, փոխանցումավազք, անհատական և թիմային սպրինտ: Հատուկ դիսցիպլին է դահուկավազքի զանգվածային մեկնարկը: 90 կիլոմետրանոց դահուկավազքի առաջին մարաթոնը տեղի է ունեցել 1922 թվականին։ Այն նվիրված էր Շվեդիայի թագավոր Գուստավ Վասային, որը նույն ճանապարհով անցել էր 16-րդ դարի սկզբին։ Մեր օրերում էլ դահուկավազքը շարունակում է չափազանց տարածված լինել: Այդ սպորտաձևը, բացի առողջության օգուտներից, մարդկանց մեջ զարգացնում է նաև այնպիսի հատկություններ, ինչպիսիք են համբերությունը, հաստատակամությունը և հաղթելու ցանկությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում