«Անապահով խավն է տուժում». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր քաղաքացիները երբեմն դժգոհություն են արտահայտում, որ Հայաստանը ապրանքների և ծառայությունների գնային քաղաքականության առումով քիչ-քիչ նմանվում է եվրոպական երկրներին, իսկ եկամուտների ու սոցիալական առումով ավելի է հեռանում դրանցից: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ասում է՝ ապրանքներ կան, որոնք թանկացել են, որոշ ապրանքներ էլ էժանացել են:
«Ներկայում մտահոգում է հանրային տրանսպորտի սակագնի թանկացումը: Մեզ մոտ անհամեմատ ավելի թանկ է լինելու տրանսպորտը, քան հարևան Թբիլիսիում, որտեղ ավելի մատչելի է, իսկ ծառայությունն՝ ավելի որակյալ: Տրանսպորտային համակարգը իրապես պետք է բարեփոխվի, բարեփոխված տրանսպորտային համակարգի պարագայում նոր կարելի էր խոսել սակագների փոփոխության մասին: Օրինակ՝ վճարումներն ի սկզբանե պետք է դարձնեին տոմսային տարբերակով, որպեսզի վարորդները հասանելիություն չունենային ուղեվարձին, դրանից հետո միայն հասկանալով, թե որքան գումար է հավաքագրվում, կարելի էր խոսել տրանսպորտային համակարգի կրած վնասների և այլնի մասին:
Այնինչ, մեր պարագայում միանգամից գնացին թանկացման ճանապարհով: Սակագների մասով ևս պետք է խելամիտ գործեին: Ինքս աշխատանքի գնալիս նախընտրում եմ տրանսպորտից օգտվել, քանի որ այն ավելի մատչելի է, խցանումներից խուսափում եմ, բացի դա, չեմ ծանրաբեռնում ավտոկայանատեղին, բայց այս պարագայում ես ևս նախընտրելու եմ սեփական մեքենան: Այնինչ քաղաքի երթևեկությունը բեռնաթափելու լավագույն տարբերակը պետք է լինի քաղաքացիներին շահագրգռելը, որ նրանք սեփական մեքենաները «փոխարինեն» հանրային տրանսպորտով: Սա կարող է բողոքի ալիք բարձրացնել, քանի որ այս փոփոխությունը միայն մի խումբ մարդկանց գրպանին չի դիպչելու, այլ բոլորի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:
Անդրադառնալով ապրանքների գնային քաղաքականությանը՝ մեր զրուցակիցը նշում է՝ այս առումով շատ են տուժում մեր այն հայրենակիցները, որոնք հիմնականում «ապրում» են տրանսֆերտների շնորհիվ: «Գիտենք, որ մեր հայրենակիցներից շատերն են արտագնա աշխատանքի մեկնում: Հատկապես Ռուսաստանում աշխատող մարդկանց եկամուտները պակասել են՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով: Նրանք որոշակի գումար են ուղարկում իրենց ընտանիքներին, երբ այստեղ այդ գումարը վերածում են հայկական դրամի, բավականին քիչ գումար է ստացվում: Անապահով խավն է տուժում»,-ընդգծում է փորձագետը:
Բավականին անվերահսկելի էր նաև անշարժ գույքի, մասնավորաբար՝ վարձակալությամբ տրվող բնակարանների շուկան: Գնային առումով անկառավարելի վիճակը սկսվեց, երբ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված մեծ թվով ռելոկանտներ ժամանեցին մեր երկիր, երկրորդ ալիքն Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանումն էր: Կառավարությունը, կարծես, փորձեց իրավիճակը կառավարելի դարձնել, երբ հայտարարեց, որ վարձով տրվող տան սեփականատերերը պետք է պետբյուջե պարտադիր վճարումներ կատարեն: Բայց սա էլ իրավիճակը չփրկեց: Փորձագետը փաստում է՝ վարձով տրվող տան գները երկու անգամ կտրուկ բարձրացան, և նույն հարթության վրա էլ մնացին, կարծես թե չնվազեցին:
«150 հազար դրամով վարձակալությամբ բնակարան էր տրվում, իսկ մեր նշած իրադարձությունների շրջանում նույն տան վարձակալության արժեքը բարձրացավ՝ հասնելով մինչև 300 հազարի և ավելիի: Ընդ որում, երբեմն բարձր գներ էին սահմանվում ծայրամասերում, երբ նախկինում երբեք նման բան չէր լինում: Առաջ ծայրամասերում բնակարանների վարձակալության գներն ավելի մատչելի էին, Կենտրոնում՝ ավելի թանկ: Բայց վերջին 2-4 տարում իրավիճակը փոխվեց: Օրենքը, այո, կա, բայց այն չի կիրառվում, տուգանքներ են գործում, եթե պետական հարկեր չեն վճարվում: Մեկ նկատառում էլ. այդ հարկերը փաստացի վճարում են այն մարդիկ, որոնք վարձով են բնակվում, այսինքն՝ վարձակալը այնպիսի գին է սահմանում, որ կարողանա և՛ հարկը վճարել, և՛ իր պատկերացրած գումարը «ստանալ»:
Վարձակալությամբ բնակարան տրամադրող քաղաքացին այս դեպքում հիմնականում չի տուժում: Իսկ երբ խոսում են որակի ու գնի համապատասխանության մասին, այս դեպքում գործում է առաջարկ-պահանջարկ սկզբունքը, շուկան այս դեպքում ինքն իրենով է կարգավորվում, իսկ պետությունն ավելի հաճախ դրան չի միջամտում»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում