Շատերին զարմացնող փաստ ֆրանսիացիների մասին. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Հասկանալի է, որ երբ Ֆրանսիայում խոսում են ալկոհոլային խմիչքների մասին, գարեջուրը վերջին բանն է, որ հիշում են։ Կամ էլ ընդհանրապես չեն հիշում: Իսկապես, Ֆրանսիան, այսպես կոչված, «գինու գոտու» մաս է կազմում, և այդ երկրի հպարտությունը կոնյակը, գինին, շամպայնն ու արմանյակն են: Այնուամենայնիվ, Ֆրանսիայում ևս գարեջուր են եփում, ընդ որում՝ բավականին լավ, և այն, որ քչերը դրա մասին գիտեն, խոսում է ընդամենն այն մասին, որ ֆրանսիացիներն ավելի լավն են գինեգործության մեջ։ Շատերին կզարմացնի այն փաստը, որ Ֆրանսիայում գարեջրագործությունը սկսել է զարգանալ շատ ավելի վաղ, քան տարածաշրջանի մյուս այն երկրներում, որոնք այսօր պայմանականորեն կոչվում են «գարեջրի գոտի»՝ Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպան:
Գալլերը, որոնք հաջողությամբ պայքարում էին հռոմեական լեգեոնների դեմ, ծանոթ էին գարեջրագործության տեխնոլոգիային: Ֆրանսիայում հայտնաբերված վերջին հնագիտական գտածոների համաձայն, այնտեղ գարեջուր սկսել են եփել մոտ 2500 տարի առաջ, այսինքն՝ գինեգործության զարգացումից առաջ։ Այնուամենայնիվ, խաղողի այգիների համար իդեալական կլիմայական պայմանները Ֆրանսիան դարձրել են գինեգործների երկիր, իսկ գարեջուրը դարձել է միայն գյուղացիների և բանվորների համար զովացուցիչ ըմպելիք։ Դա անհավանական է թվում, բայց 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին Ֆրանսիայում կար գրեթե 3000 գարեջրի գործարան։
Անշուշտ կարելի է ասել, որ այդ գարեջրի գործարանների ճնշող մեծամասնությունը փոքր և կիսաարտադրական էին, բայց, ընդհանուր առմամբ, նրանք արտադրում էին գարեջրի զգալի ծավալ։ Արդյունաբերականացման ընթացքում գարեջրի փոքր գործարանները փակվեցին կամ պարզապես փոխարինվեցին գարեջրի խոշոր գործարաններով: Հետպատերազմյան տարիներին Ֆրանսիայում, ինչպես նաև այլ երկրներում սկսվեցին խոշորացման գործընթացներ, գարեջրի փոքր գործարանները հայտնվեցին խոշոր կորպորացիաների ձեռքում, հաճախ՝ արտասահմանյան: Ֆրանս ի ա յի դեպ քում դրանք դանիական Carlsberg-ն ու հոլանդական Heineken-ն էին։ Այն հեշտությունը, որով ֆրանսիական կառավարությունը գարեջրագործության ներքին արդյունաբերությունը օտարերկրյա կոնցեռններին հանձնեց, միայն ընդգծում է ֆրանսիացիների վերաբերմունքը գարեջրի նկատմամբ։
Ֆրանսիայում գարեջրի սպառումը մեկ անձի համար կազմում է տարեկան մոտ 31 լիտր, ինչը երկու անգամ ավելի քիչ է, քան, ասենք, Բելգիայում և Նիդեռլանդներում։ Սակայն, հաշվի առնելով երկրի բնակչությունը և ընդհանուր սպառումը՝ պարզվում է, որ Ֆրանսիայում ավելի շատ գարեջուր է արտադրվում, քան Բելգիայում և Նիդեռլանդներում միասին վերցրած։ Միևնույն ժամանակ, շուկայում կա միայն երկու խոշոր խաղացող՝ Kronenbourg - ը, որը պատկանում է Carlsberg-ին և արտադրում է գարեջրի կեսը, և Heineken-ը, որը զբաղեցնում է շուկայի մոտ մեկ քառորդը։ Արտադրված գարեջրի մնացած քառորդը բաժին է ընկնում բազմաթիվ միկրոգարեջրագործարաններին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում