Ucom-ը շարունակում է սատարել կանաչ էներգետիկայի տարածմանը Հայաստանի համայնքներում
ОбществоUcom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակում հերթական արևային կայանն է տեղադրվել՝ այս անգամ Վանևան համայնքում։
9,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն ապահովելու է համայնքի ենթակառուցվածքներն էլեկտրաէներգիայով։
Նման կանաչ լուծումը ոչ միայն դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի շրջակա միջավայրի վրա, այլ նաև թույլ է տալու համայնքին որոշակի միջոցներ տնտեսել և ուղղել դրանք այլ կարևոր խնդիրների լուծմանը։
«Շրջակա միջավայրը մեզ համար կարևորագույն արժեքներից է, և մենք շատ ուրախ ենք կանաչ տեխնոլոգիաների միջոցով մարդկանց կյանքը բարելավել։ Ucom-ն իր պարտքն է համարում իր համաքաղաքացիների կյանքի որակը լավացնել ոչ միայն բարձր որակի ծառայություններ մատուցելով, այլ նաև այսպիսի արդյունավետ և օգտակար համագործակցությունների շնորհիվ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Սա արդեն չորրորդ համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն է, որ իրականացրել ենք Ucom-ի աջակցությամբ։ Մեզ համար չափազանց կարևոր է, որ իրականացված աշխատանքը ունենա երկարատև ու կայուն ազդեցություն համայնքի համար և Վանևանում իրականացված ծրագիրը դրա վկայությունն է», - նշել է «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:
«Շնորհակալություն եմ հայտնում UCOM ընկերությանը և Արևորդի ՀԿ-ին նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար։ Շնորհակալ եմ, որ մեր կողքին եք և բնակավայրերում կատարում եք նմանատիպ բարի գործեր։ Ներկաներին տեղեկացնեմ, որ Վանևան բնակավայրում տեղադրվել է 10 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որի նպատակն է բնակավայրին պատկանող համայնքային ենթակառուցվածքների էլեկտրաէներգիայի ծախսի կրճատումը, որի արդյունքում կտնտեսվի դրամական միջոցներ և տնտեսված դրամական միջոցները կօգտագործվեն համայնքային այլ խնդիրների լուծման համար։ Լիահույս եմ, որ նմանատիպ առիթներ նորից կունենանք», - ասել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
Նշենք, որ նույն ծրագրի շրջանակում արևային կայաններ են տեղադրվել Գողթանիկ, Աղավնաձոր և Ռինդ գյուղերում։