Հնարավո՞ր է խցանի միջոցով իմանալ գինու որակը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Կա այսպիսի արտահայտություն՝ «խցանի պես պարզ»: Ֆրանսիացի կամ իսպանացի գինեգործների համար, անշուշտ, այդ արտահայտությունը շատ զարմանալի է, քանի որ գինու շիշը փակելը շատ բարդ խնդիր է, և այդ գործի ներկայիս մակարդակին հասնելու համար պահանջվել է մի քանի հազար տարվա փորձություն և սխալ: Ներկայում խցանի որակն արդեն շշալցված գինու պահպանման կարևորագույն պայմաններից մեկն է։ Իրեն հարգող բոլոր արտադրողները խցանների արտադրության համար օգտագործում են խցանածառի կեղև: Պատմենք այդ մասին: Խցանածառի կեղևից խցաններ աշխարհում առաջինը սկսել են օգտագործել հին փյունիկիացիները և հռոմեացիները: Այն ժամանակ այդ նյութով խցանել են սափորներն ու ամֆորաները։ Խցանածառը մշտադալար ծառ է, որը աճում է հարավարևմտյան Եվրոպայում և հյուսիսային Աֆրիկայում:
Հռոմի անկումից հետո խցանածառը դարերով մոռացվել է։ Դրանք հիշվել են միայն 17-րդ դարում, երբ ապակե շշերն են լայն տարածում գտել։ Ըստ լեգենդի, դա տեղի է ունեցել Շամպայն նահանգի վանքերից մեկում, որտեղ մի վանական էր եկել Իսպանիայից։ Այդ վանականի պայուսակում վանքի սպասավորը մի փայտի կտոր է գտել։ Լինելով փորձառու գինեգործ՝ այդ սպասավորը արագ հասկացել է, թե այդ ծառն ինչ օգտակար հատկություններ ունի իր արհեստի համար։ Խցանափայտը իրոք լուծել է գինու շշերը հերմետիկորեն կնքելու անհրաժեշտության հետ կապված բոլոր խնդիրները։ Խցանածառի կեղևն ունի ցածր խտություն, այն առաձգական է և, միևնույն ժամանակ, բավականաչափ ամուր, այն չի փտում ջրի մեջ և լավ չի այրվում, քիմիապես չի փոխազդում գինու, ջրի և այլ հեղուկների հետ, ինչպես նաև ունի ցածր ջերմահաղորդականություն։ Բացի այդ, նման խցանները հիանալի կերպով են տեղավորվում շշի ապակե մակերեսին և կանխում հեղուկի արտահոսքը:
Միաժամանակ, այդ նյութը թույլ է տալիս փոքր քանակությամբ օդ անցնել, ինչը շատ կարևոր է գինու հասունացման համար։ Նշենք, որ անգամ հիմա սինթետիկ նյութերը դեռ չեն կարող ամբողջությամբ փոխարինել բնական խցանին։ Քչերը գիտեն, բայց խցանները լինում են յոթ տեսակ: Տեսակավորումը տեղի է ունենում փուլերով: Նախ՝ ընտրվում են 6-րդ և 7-րդ տեսակների խցանները, որոնք ուղարկվում են խցանացման, որի ընթացքում խոշոր ծակոտիներն ու ճաքերը լցվում են խցանի հատիկների և սննդի սոսնձի խառնուրդով։ Նման խցանները թեև շատ գրավիչ տեսք ունեն, բայց հարմար չեն երկարաժամկետ փակման համար և օգտագործվում են ցածրորակ գինու արտադրության մեջ։ Այնուհետև ընտրվում են 5-րդ և 4-րդ տեսակների խցանները: Դրանք համարվում են ստանդարտ և օգտագործվում են միջին դասի գինիների մեծ մասի շշերի խցանման համար:
2-րդ և 3-րդ տեսակները բարձրորակ խցաններ են, իսկ 1-ինը՝ «էքստրա»։ Կա մեկ կանոն. որքան լավն է գինին և պետք է երկար պահվի շշի մեջ, այնքան երկար ու լավ որակի խցաններ են օգտագործվում։ Այնպես որ, սովորաբար խցանի երկարությունից կարելի է դատել գինու որակի մասին: Ներկայում խցանածառերի պլանտացիաներ կան Պորտուգալիայում (խցանի արտադրության առաջատարը), Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մարոկկոյում, Թունիսում և Ալժիրում. դրանք զբաղեցնում են մինչև 2,2 մլն հեկտար տարածք։ Տարեկան բերքը կազմում է մինչև 360000 տոննա կեղև։ Դուք դեռ կարծում եք, որ խցանը հեշտ ու պարզ բա՞ն է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում