Փաշինյանի վարկանիշը՝ 8%. հանրության շուրջ 75%–ը սպասում է այլընտրանքային՝ «երրորդ ուժի» քաղաքական առաջարկին. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
«GALLUP»-ի կատարած վերջին հարցումների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունավետությունը խիստ բացասական է գնահատվել։ Այսպիսով՝ հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը լիովին դրական գնահատել, 17.1 տոկոսն ասել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, 19.9–ը՝ ավելի շուտ բացասական, 47.1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, 7.9 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։
Համեմատության համար նշենք, որ այս տարվա փետրվարին անցկացված նմանատիպ հարցման արդյունքները հետևյալն են․
• Լիովին դրական – 15․1 %
• Ավելի շուտ դրական – 13,9 %
• Ավելի շուտ բացասական - 28,3 %
• Ընդհանրապես բացասական – 38,1 %
• Դժվարանում եմ պատասխանել – 4,6 %
Դինամիկան ակնհայտ է։ Եթե այս տարվա փետրվարին Փաշինյանի գործունեությունը լիովին դրական էր գնահատում հարցվածների 15․1 %-ը, ապա մարտին արդեն` 8%-ը։ Աճել է նաև Փաշինյանի գործունեությունն ընդհանրապես բացասական գնահատողների թիվը՝ 47.1%, փետրվարի՝ 38,1 %-ի դիմաց:
Փաշինյանի գահավիժող վարկանիշի մասին փաստում է ոչ միայն «GALLUP»ը: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հունվար ամսվա հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանին վստահում է հարցվածների ընդամենը 15 տոկոսը, իսկ ահա հարցման մասնակիցների 60 տոկոսը նշել է, որ որևէ մեկին չի վստահում:
Գաղտնիք չէ, որ քաղաքականության մեջ ևս գործում է շուկայական օրենքը, եթե կա պահանջարկ, ձևավորվում է առաջարկ․ Նիկոլ Փաշինյանի և այս նրա քաղաքական թիմի գահավիժող վարկանիշը վկայում է, որ հանրության կողմից այդ պահանջարկը ձևավորվել է․ ըստ «GALLUP-ի վերջին հարցման հանրության շուրջ 75%-ը այլընտրանքային քաղաքական ուժի փնտրտուքի մեջ է։ Հետևաբար, եթե ի հայտ գա այնպիսի այլընտրանքային ուժ, որին կհաջողվի մոբիլիզացնել հանրությանը, հանդես գալ նոր դեմքերով, դուրս լինել նախկին-ներկա արհեստական դիսկուրսից և օրակարգ բերել նոր ծրագրեր ու գաղափարներ, ապա այդ ուժը վստահաբար կշահի հանրության մեծամասնության վստահությունը։ Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ այլընտրանքային ընդդիմադիր բևեռն արդեն իսկ ձևավորման փուլում է, տարբեր գործիչներ և քաղաքական ուժեր կոնսուլտացիաներ են սկսել այդ նպատակով:
Ուշագրավ է, որ մամուլը լայն անդրադարձ էր կատարել մարտի 17-ին կայացած բազմամարդ` շուրջ 500 հոգու մասնակցությամբ, հավաքին՝ քաղաքական բովանդակությամբ, որը կազմակերպել է Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը: Հավաքին մասնակցել են նաև ազդեցիկ գործիչներ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան քաղաքական շրջանակներից: Արման Վարդանյանը, մասնավորապես, ասել է, որ հանուն երկրի զարգացման պետք է դուրս գալ քաղաքական այս դիսկուրսից, համախմբել հանրությանը՝ միևնույն ժամանակ քաղաքական դաշտ բերելով նոր լիդերների: Ուշագրավ է, որ ըստ մամուլի, «Միասնություն» շարժման ղեկավարները «կուլուարային» հանդիպումներ են ունենում Հայաստանի մեծ թվով քաղաքական թիմերի և հասարակական գործիչների հետ` երկրի զարգացման և անվտանգության հարցերի շուրջ ջանքերը միավորելու նպատակով:
Այս խմորումները պատահական չեն։ Լեգիտիմության նման ցածր աստիճան ունեցող քաղաքական ղեկավարը և նրա թիմը պարզապես չեն կարող ներկայացնել Հայաստանը և հայ ժողովրդի անունից վճռորոշ որոշումներ կայացնել, այն էլ` երկրի համար նման ծանրագույն իրավիճակում։ Ըստ այդմ, քաղաքական թատերաբեմ պետք է գա նոր այլընտրանքային ուժ՝ նոր կոնցեպտով, որը կկոնսոլիդացնի հանրությանը և բալանսավորված և հայ ժողովրդի շահերից բխող հարաբերություններ կսկսի ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական խաղացողների հետ։ Հայաստանում նոր ու ազգային իշխանություն ձևավորելու պահանջարկը վաղուց է ձևակերպվել, մնում է, որ այլընտրանքային՝ երրորդ ուժը կամ ուժերը հանդես գան համապատասխան քաղաքական առաջարկով: