«Տղաներիս արյունն ավելի թանկ չէ, քան ժողովրդի արյունը». ինչպես է ՀԱՄԱՍ-ի առաջնորդն արձագանքում՝ իմանալով Գազայում 3 որդու և 4 թոռի զոհվելու լուրին (տեսանյութ)
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացված է պահը, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական բյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեին հայտնում են Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով իր երեք որդու և չորս թոռի զոհվելու լուրը:
Նա այդ մասին տեղեկանում է հեռախոսազանգով:
«Հազեմը, Մոհամմեդն ու Ամիրն իրենց երեխաների հետ սպանվել են», - հեռախոսից ասում է ձայնը:
Հանիեն լուռ լսում է և առանց ավելորդ հույզերի ասում.«Աստված խաղաղության տա նրանց հոգիներին»:
Այդ պահին նրա օգնականը հարցնում է.«Ավարտե՞նք այցը»:
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը անվրդով պատասխանում է. «Ոչ, ինչո՞ւ: Շարունակենք»:
Հանիեն գնում է դեպի դուռը, նրան հետևում են մյուս պաշտոնյաները։ Հանիեի գլխավորած խումբը հիվանդանոցում այցելության էր գնացել վիրավոր պաղեստինցիներին Քաթարում, որտեղ Հանիեն ապրում է աքսորի մեջ:
Հանիեն, որը, ըստ ՀԱՄԱՍ-ի աղբյուրների, ունի 13 որդի և դուստր, ավելի ուշ ասել է, որ իր երեք որդին ու չորս թոռը սպանվել են Գազա քաղաքի Շատի փախստականների ճամբարի մոտ մահացու հարվածի հետևանքով:
Իսրայելը պնդում է, որ Մուհամեդն ու Հազեմը ՀԱՄԱՍ-ի զինյալներ են եղել, մինչդեռ Ամիրը՝ հրամանատար:
61-ամյա Հանիեն «Ալ Ջազիրա»-ին ասել է. «Ես երախտապարտ եմ Աստծուն այն պատվի համար, որ նա ինձ տվել է իմ երեք երեխայի և իմ թոռների մահվան կապակցությամբ: Իմ որդիներն արժանացել են այս պատվին։ Նրանք Գազայում մնացին մեր պաղեստինցի ժողովրդի հետ, չհեռացան: Իմ տղաների արյունն ավելի թանկ չէ, քան մեր ժողովրդի արյունը»։
Հանիեն դատապարտել է Իսրայելին՝ հայտարարելով, որ նրանք «առաջնորդվում են վրեժխնդրության ոգով», քանի որ իր ընտանիքի շուրջ 60 անդամ սպանվել է պատերազմի սկզբից ի վեր: