Հետաքննությունը խնդրում է երկարաձգել Լևոն Հայրապետյանի տնային կալանքը
Հետաքննությունը դատարանին խնդրում է երկարաձգել «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքը, սույն հարցը դատարանը կվճռի դեկտեմբերի 10-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է Մոսկվայի Բասմանյան դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան:
«Դատարանում ստացվել է հետաքննության միջնորդությունը տնային կալանքի տեսքով Հայրապետյանի խափանման միջոցը երկարաձգելու մասին: Դատարանը սույն միջնորդությունը կքննարկի դեկտեմբերի 10-ին»,- ասել է Ֆադեևան:
Հետաքննությունը Հայրապետյանին մեղադրում է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Սիստեմա» ֆինանսա-արդյունաբերական խմբին «Բաշնեֆտի» վաճառքի հետ առնչություն ունենալու մեջ, որը վերջինս գլխավորել է երեք տարի: Նրան առաջադրվել են փողերի յուրացման և լվացման մեղադրանքներ: Դատարանն այս գործի շրջանակներում կալանք է դրել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի՝ 300 միլիոն ռուբլու փաթեթի վրա:
Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն և անշարժ գույք արտասահմանում, մասնավորապես, վերջին ժամանակներս նա ապրում էր Մոնակոյում: Այս փաստով էլ հետաքննությունը հիմնավորել է քննչական մեկուսարանում նրա բանտարկության անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին նրան փոխադրել են տնային կալանքի:
«Բաշնեֆտի» վաճառքի հետ կապված քրեական գործի առավել բարձրաստիճան ֆիգուրանտը «Սիստեմա» ֆինանսա-արդյունաբերական խմբի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովն է՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ, ընդ որում հետաքննությունն սկզբնապես հասավ խափանման այդ միջոցի ամենախիստ պայմանների, իսկ հետո դատարանին խնդրեց Եվտուշենկովին թույլ տալ գնալ աշխատանքի և շփվել գործընկերների հետ, բայց մերժում ստացավ: