109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան
БлогԱուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս օրերին Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում, որտեղ ապրում է գեթ մեկ հայ, սգում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի՝ 1,5 միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք զոհ դարձան 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրականացված հրեշավոր ծրագրի:
Տեղահանության քողի տակ իրականացված եղեռնը Օսմանյան կայսրության պետական ծրագիրն էր, որն ի կատար ածվեց բացառիկ դաժանությամբ։
1915 թվականի այդ հրեշավոր իրադարձություններից 109 տարի անց մենք կրկին ականատես եղանք, թե հայն ինչպես է բռնում «Դեր Զորի» ճամփան, երբ հազարավոր հայեր՝ իրենց գենի, կյանքի իրավունքի պահպանության համար ստիպված եղան լքել իրենց տներն ու հայրենիքը, երբ Արցախն ամբողջովին հայաթափվեց։
Սարսափելի ոճրագործությունից 109 տարի անց էլ հասկացանք, որ հետևություններ չեն արվել, որ նույն սխալներն ենք կրկնում, որ թշնամին նույնն է և թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է՝ վերացնել հայ ազգն ու անհայրենիք թողել հային։
Ուստի, կարևոր է հասկանալը, որ մենք մեր օրհասական ու ամենակարևոր կռվի մեջ ենք, որ այսօր էլ որոշվում է հայ ազգի լինելիության, Հայաստան պետության գոյության հարցը, և միավորվենք, չվստահենք թշնամուն, որը նենգ է և որի միակ նպատակը մեզ իշխելն ու ոչնչացնելն է։
Պետք է համախմբվենք, հզորանանք, հասկանանք ու ընդունենք, որ մեր գլխավոր հույսն ու ապավենը մենք ենք, մեր սերն է հայրենիքի հանդեպ և մեր հզորացումն է։