Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «2024 թ.-ի՝ տեքստիլ ոլորտում կայունության զարգացման գործընթացներին պետական աջակցության տրամադրման միջոցառումը հաստատելու մասին» նախագիծը: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է տեքստիլ արդյունաբերության ոլորտում տնտեսվարողների կողմից միջազգային հավաստագրման մեխանիզմներից օգտվելու և հավաստագրեր ստանալու գործընթացում առաջացող ծախսերի մեղմման, միջազգային սերտիֆիկատների ձեռք բերման գործընթացին հասանելիությունը ապահովելու անհրաժեշտությամբ:
Տեքստիլ արդյունաբերության ոլորտի ուսումնասիրության ընթացքում (2021-2022 թթ.) մոտ 35 խոշոր արտադրողների հետ անցկացված հարցումների արդյունքներով հայտնաբերված հիմնական խնդիրներից մեկն էր արտադրանքի միջազգային որակի չափանիշներին լիարժեք համապատասխանության բացակայությունը։ Չափանիշները բացի որակային բնույթից կարող են կրել նաև սոցիալական, բնապահպանական, նաև գենդերային բնույթ։ Միջազգային հավաստագրման համակարգերին հասանելիության ապահովման նպատակով խորհրդատվական ծառայություններից օգտվելը և ոլորտի զարգացման նպատակով հավաստագրերի ձեռք բերման ծախսերը հավել յալ բեռ են թվում Հայաստանում գործունեություն ծավալող տնտեսավարողների համար։
Նախագծով առաջարկվում է էկոնոմիկայի նախարարի 2013 թ.-ի սեպտեմբերի 19-ի N562-Ն հրամանով հաստատված C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակները ներառող ոլորտի տնտեսվարողներին աջակցության երկու ուղղություն. (ընդ որում՝ տնտեսվարողը կարող է օգտվել երկու ուղղություններից): Ոլորտին հատուկ հավաստագրի ստացման խորհրդատվական ծառայությունների աջակցության դեպքում կփոխհատուցվի ISO-ի կամ ոլորտին հատուկ այլ հավաստագրերի համար ստացված խորհրդատվական ծառայության ծախսերի 50 տոկոսը, բայց ոչ ավել քան 1 500000 դրամ, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները՝ խորհրդատվական ծառայությունը մատուցվել է ՏՀԶԿ (OECD) երկրներում գրանցված կազմակերպության կողմից, խորհրդատվական կազմակերպության՝ 2024 թ.-ի հունվարի 1-ին նախորդող տարվա շրջանառությունը եղել է ոչ պակաս, քան 100 մլն դրամ, խորհրդատվական ծառայությունը մատուցվել է այս հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թ.-ի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:
Ոլորտին հատուկ հավաստագրերի ձեռք բերման աջակցության դեպքում փոխհատուցում կտրամադրվի այն հավաստագրերի ձեռքբերման ծախսերի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 000 000 ՀՀ դրամ, որոնք ձեռք են բերվել այս հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թ.-ի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Այս կետի իմաստով հավաստագրերը հետևյալն են՝ ISO, CEN, ECO հավաստագրեր։ Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է մրցունակ շուկաներ (ԵՄ երկրներ) արտահանման ծավալների աճ՝ մոտ 13 տոկոս, միջազգային հավաստագրման ISO, CEN, ECO տեսակի մեխանիզմներից օգտված և բարձր չափորոշիչներին համապատասխանող կազմակերպությունների աճ՝ մոտ 20 ընկերություն, CEN հավաստագրում անցած ապրանքատեսակների աճ՝ մոտ 6 ապրանքատեսակ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում