Հայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
tsargrad.tv–ն «Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է» վերնագրով հոդվածում գրում է, որ Gallup International Association-ի՝ Հայաստանում անցկացրած հարցման մասնակիցների 75,7 %-ը հայտարարել է, որ իրենք միանշանակորեն պատրաստ չեն գոյակցել ադրբեջանցիների հետ, նույնիսկ եթե միջազգային կառույցները երաշխավորեն խաղաղությունն ու անվտանգությունը։ Այդ մասին հայտնել է այդ ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Հեռախոսային հարցմանը, որն անցկացվել է ապրիլի 22-ից 25-ը, մասնակցել է 1100 հարցվող։
Ընդ որում, հարցվածների 9,6 %-ն, ամենայն հավանականությամբ, պատրաստ է ադրբեջանցիների հետ գոյակցել, 6,2 %-ը միանշանակորեն է պատրաստ, 6,1 %-ը ավելի շուտ պատրաստ չէ, իսկ 2,4 %-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։ Իհարկե, այդ ուսումնասիրության տվյալներին պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ կան հարցեր և՛ դրա մեթոդաբանության՝ հարցումների հեռախոսային լինելու, և՛ ընտրանքի ներկայացուցչականության վերաբերյալ՝ միայն ըստ տարիքի, առանց հաշվի առնելու սեռը և կրթությունը: Բայց սոցիոլոգիական հետազոտությունները կարող են խոսել բնակչության որոշակի հատվածի տրամադրությունների մասին։
«Արդյունքում հարցվածների 75,7 %-ը (ի՜նչ զարմանք) պատրաստ չէ ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցության։ Դա շատ սուր խնդիր է, որին բախվում է հասարակությունը, և որը իշխանությունները այժմ փորձում են հարթել պատմությունը վերաշարադրելու միջոցով,- գրել է Rybar Տելեգրամ ալիքը,– այսինքն՝ հավաքական Արևմուտքը ցանկանում է «վերափոխել» Հայաստանի ժողովրդին, բայց դա առայժմ չի ստացվում»: Նույն հարցման մեկ այլ արդյունք է այն, որ հարցվածների 84,2 %-ը կողմ է արտահայտվել Սահմանադրության մեջ ցեղասպանության հիշողության ամրապնդմանը։ Եվ վերջապես, ցեղասպանության վերաբերյալ տվյալների ճշգրտությունը ստուգելու՝ իշխող կուսակցության փորձերը հարցվածների 53,9 %-ը համարել է պատմությունը վերաշարադրելու թուրքական ծրագիր։
«Հետաքրքիր պատկեր է ստացվում. հայ բնակչությունը շատ սուր է արձագանքում որոշակի զգայուն այնպիսի թեմաների, որոնք կապված են առաջին հերթին ազգային ինքնության և ինքնաճանաչողության հետ։ Եվ հենց այդ հարցերն են, որոնց վրա հիմա ճնշում են գործադրում և՛ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը, և՛ հավաքական Արևմուտքը՝ իրականում փորձելով ստիպել հայերին հրաժարվել իրենց ինքնությունից և «վերակազմավորվել»», - եզրափակել է Rybar–ը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում