Ֆուտբոլին չի «հասնի», բայց միլիոնավորների սիրելին է. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Մինի ֆուտբոլը թիմային մարզաձև է, համարվում է մեծ ֆուտբոլի տարբերակ: Սակայն դասական ֆուտբոլից տարբերվում է կանոններով, խաղի տևողությամբ, ֆուտբոլի դաշտի չափսերով և թիմում խաղացողների քանակով։ Մինի ֆուտբոլը ծագել է անցյալ դարի 2030-ական թվականներին Բրազիլիայի լողափերում։ Նման տեսակի ֆուտբոլի ի հայտ գալը միանգամայն բնական էր։ 20-րդ դարի սկզբին բրազիլացի դպրոցականները, ուսանողները և պարզապես աշխատողները իրենց ամբողջ ազատ ժամանակը նվիրում էին ֆուտբոլին՝ խաղալով այնպիսի տարածքներում, որտեղ հնարավոր էր գնդակ գլորել։ Ամենից հաճախ նման խաղերը տեղի էին ունենում դրսում, օրինակ՝ լողափներում, ավելի քիչ՝ մարզասրահներում։
Աստիճանաբար նման խաղերը նվաճել են Լատինական Ամերիկայի երկրները՝ Բրազիլիան, Արգենտինան և Ուրուգվայը։ Այն Եվրոպա է հասել շատ ավելի ուշ՝ 1950-ականների վերջին։ 1958 թվականի աշխարհի առաջնությանը, որը տեղի էր ունենում Շվեդիայում, ավստրիացի մարզիչ Խոսեր Ավգաուերը ուշադրություն էր դարձրել Բրազիլիայի հավաքականի նախավարժանքի վրա, որը նրանք անցկացնում էին մարզասրահում։ Եվրոպացիների համար նման անսովոր մարզումային գործընթացը չէր կարող աննկատ մնալ: Շուտով ավստրիացին նմանատիպ մարզումներ է կազմակերպել իր հայրենիքում՝ Վիեննայի «Շտադտ» մարզասրահում։
Հետագայում եվրոպացիների սերը մինի ֆուտբոլի նկատմամբ սկսել է աճել՝ գրավելով ավելի ու ավելի շատ երկրներ՝ Նիդերլանդներ, Իսպանիա, Իտալիա։ 1968 թվականին Նիդերլանդներն անցկացրել է իր առաջին մինի ֆուտբոլի ազգային առաջնությունը։ 1974 թվականին Հռոմում տեղի է ունեցել մինի ֆուտբոլի ազգային հավաքականների առաջին միջազգային հանդիպումը, որտեղ Իտալիայի հավաքականը 9։2 հաշվով հաղթել է Լիբիային։ Իսկ արդեն 1970-ականների կեսերին ֆուտբոլի այդ տեսակը դարձել է առանձին սպորտաձև։ 1986 թվականին Բուդապեշտում տեղի է ունեցել մինի ֆուտբոլի առաջին միջազգային մրցաշարը, որին մասնակցել են տարբեր մայրցամաքների ութ թիմի ներկայացուցիչներ։ Հաղթել են հունգարացիները՝ եզրափակչում հանդիպելով նիդերլանդացիներին։
1988 թվականին ձևավորվել ու հաստատվել են այդ խաղի կանոնները։ Մեկ տարի անց Նիդերլանդներում տեղի է ունեցել մինի ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը, որտեղ բրազիլացիներն են տոնել հաղթանակ՝ եզրափակչում հաղթելով նիդերլանդացիներին։ 1999 թվականին Իսպանիայում կայացել է Եվրոպայի առաջին առաջնությունը, որտեղ Ռուսաստանի հավաքականն է հաղթել: Ներկայում այդ մարզաձևում լավագույններն են Բրազիլիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Իտալիայի և Գերմանիայի հավաքականները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում