Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել
АналитикаՕպերայի մերձակայքում երեկ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները հերթական անգամ փաստում են գործող վարչախմբի և անձամբ Նիկոլ Փաշինյանի վախերը։
Իշխանությունները փորձում են սեփական լրատվամիջոցների և պատգամավորների ու ֆեյքերի հաշվին տպավորություն թողնել, թե ամենևին մտահոգված չեն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրեցօր աճող թափից, բայց սոցիալական ցանցերում հայտնվող նրանց «չաթերի» սքրինշոթերը, իշխանական քարոզիչների ահագնացող խուճապը, ինչպես նաև Փաշինյանի դրսևորած վարքը վկայում են, որ իրենք էլ հասկանում են, թե ինչպիսի խորը և համապարփակ անդունդում են գտնվում, որտեղից գրեթե դուրս գալու շանս և տարբերակ չունեն։
Ընդդիմությունը բավականին ակտիվ և կազմակերպված պայքար է մղում գործող իշխանությունների դեմ։ Ոստիկանությունը երեկ մի քանի շարքով էր փակել Ազատության հրապարակը՝ թույլ չտալով Բագրատ Գալստանյանին և ընդդիմադիր շարժման մյուս մասնակիցներին մոտենալ Օպերայի շենքին և իրենց բողոքի ձայնը արտահայտել։
Ավելին, երեկ հայտնի է դարձել, որ իշխանությունները 100 հազարական դրամ են փոխանցել ոստիկանության զորքերին` ավելի վայրագ կերպով ընդդիմության բողոքի ակցիաները ճնշելու համար։
Ինքը՝ Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի` իր կողմնակիցների մոտ պարզ հայտարարել է, որ չի խորշի նույնիսկ նոր «մարտի 1» կազմակերպել, եթե զգա, որ իր իշխանությանը իրական վտանգ է սպառնում։ Փաստացի կարելի է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը վերածվել և նույնիսկ գերազանցել են իրենց նախորդներին։
Բոլոր այն արատավոր դրսևորումների դեմ, որ փաշինյանական իշխանությունը պայքարում էր, կատարելագործվել և ավելի վտանգավոր են դարձել։
Արմինե Ավագյան