Ադրբեջանը շարունակում է հայտնել բանակում կրած իր կորուստներիր մասին
Ադրբեջանը սկսել է հայտնել իր կողմից կատարված դիվերսիոն գործողության արդյունքում կորուստների մասին' չնշելով դրա իրական պատճառը եւ միջադեպը ներկայացնելով որպես տարբեր ժամնակներում տեղի ունեցած ավտոտրանսպորտային պատահարներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով SalamNews լրատվական գործակալությունը, Աղստաֆայի շրջանում ադրբեջանական բանակի 4 զինծառայողներ մոտ ժամը 18-ին, «Աղստաֆա-Սադըխլը ավտոմոբիլային ճանապարհի Սալօղլու ավանի մոտ ՃՏՊ-ի են ենթարկվել, որի արդյունքում նրանցից 3-ը վիրավորվել են»:
Նշվում է, որ «Մերսեդես» ավտոմեքենան, որը վարում էր Բիլասուվարից Աղաջաֆար Մամեդ օղլու Նուրիեւը, կորցրել է կառավարումը եւ շրջվել: Վթարի հետեւանքով ավտոմեքենայի մեջ գտնվող, Մինգեչաուրից 23-ամյա Իլ գար Հասանովը, Ֆիզուլիից' Խալադդին Ռուստամովը եւ Աղստաֆայից, 28-ամյա Էլշան Ալլահմանովը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղստաֆայի շրջանի կենտրոնական հիվանդանոց:
«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունն էլ հայտնել էր, որ դեկտեմբերի 7-ի երեկոյան ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ ավտոմեքենայով ականի վրա պայթել են Ղազախի շրջանի Բալաջաֆարլի գյուղի մոտ: Արտակարգ պատահարի արդյունքում ստացած վերքերից մահացել է Ղազախի շրջանի Ֆարահլի գյուղից զինծառայող, երկու երեխաների 35-ամյա հայր Գոշգար Գուրբանովը: Նույն շրջանի Խանըգլար գյուղից զինծառայող Էշգին Շահբալիեւը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փաստի առնչությամբ դեռեւս լռություն է պահպանում: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը ժամանակին չի հրապարակում բանակում տեղի ունեցող մահվան ելքով միջադեպերի մասին' փորձելով կոծկել դրանք:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով' 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 85 զինծառայող, 121 զինծառայողներ էր վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: