Փաշինյանը միտումնավոր այրում է կամուրջները
АналитикаՀԱՊԿ-ի դեմ իր գործողություններում Փաշինյանը որոշել է հատել հնարավոր բոլոր կարմիր գծերը, այժմ էլ դաշնակիցներին մեղադրում է 44-օրյա պատերազմի նախապատրաստության ժամանակ՝ Հայաստանի դեմ աշխատելու մեջ։
Նախօրեին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր. «44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները ոչ մեր կողմից, ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը, նրանք միգուցե իմիտացիա են ստեղծել, թե ուզում են մեզ օգնել, կամ իբր մեզ օգնել են, սակայն այդ պատերազմն իրականում Լեռնային Ղարաբաղի մի մասին չի եղել, քանի որ այդ հարցը նրանք վաղուց իրենց մեջ փակել են»։
Ըստ Փաշինյանի՝ «այդ դաշնակիցները» օգնել են Ադրբեջանին, իսկ նպատակը եղել է Հայաստանի պետականության չգոյությունը։ Երկու դաշնակիցներից մեկին Փաշինյանն ինքն էլ հաստատել է՝ Բելառուսն է, քանի որ պատասխանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանում արած հայտարարություններին։ Լուկաշենկոն ինքն էր Ալիևի հետ հանդիպմանը հաստատել, որ պատերազմից առաջ զրուցել են և եկել եզրահանգման, որ հնարավոր է հաղթանակ տանել պատերազմում։ Երկրորդ դաշնակցի անունը Փաշինյանը չի տալիս, ակնհայտորեն, սակայն, ակնարկում է հենց Ռուսաստանին, թեպետ ռուսական իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ արդեն իսկ փաստել են, որ Փաշինյանի հայտարարությունները վերաբերում է իրենց, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այլ մեկնաբանություն է տվել, նշել, որ Մոսկվայում չգիտեն, թե 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանին օգնելու իմիտացիայի մասին խոսելիս, որ երկրներն է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը, բայց կարծում են, որ նման հայտարարությունները պետք է հասցեական լինեն։
«Մենք ինքներս պետք է գուշակենք, թե հետո մեզ կպատմեն, միանգամայն տրամաբանական կլիներ հնչեցնել դրանք, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է»,- ասել է Զախարովան, հավելել, որ Ռուսաստանն արել է հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանն իրեն լքված ու մոռացված չզգա։
Կարինե Սարգսյան