Արցախի մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանման կարևորությունը
КультураԱրցախը, որպես պատմական և մշակութային հարուստ տարածաշրջան, ունի հարուստ ժառանգություն, որն արժանի է հատուկ ուշադրության և պահպանման։ Այսօր՝ Արցախի մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանումն առանցքային դեր է խաղում ոչ միայն պատմական արժեքի պահպանման, այլև ժողովրդի ինքնության և ավանդույթների շարունակման համար։
Ի սկզբանե ստեղծված որպես հավատքի խորհրդանիշ՝ Արցախի մշակութային հուշարձաններն ականատես են եղել պատմական մեծ իրադարձությունների և հասարակության էվոլյուցիայի։ Դրանք ներկայացնում են կապ անցյալի և ներկայի միջև, կամուրջ տարբեր սերունդների միջև: Այդ հուշարձանների պահպանությունը թույլ է տալիս ոչ միայն հարգել մեր նախնիների հիշատակը, այլև գծել հասարակության և մշակույթի զարգացման պատմական ուղին։
Ավելին, Արցախի մշակութային ժառանգությունը ազգային ինքնության կարևոր տարր է։ Այն օգնում է մարդկանց պահպանել իրենց յուրահատկությունը և որոշակի մշակութային ավանդույթին պատկանելու զգացումը: Ուստի այդ հուշարձանների պահպանումն անհրաժեշտ է ոչ միայն ժառանգությունը պահպանելու, այլեւ ժողովրդի հոգեւոր բարեկեցությունը եւ ինքնորոշումը պահպանելու համար։
Վերջերս, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» (The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone) գիրք-ալբոմի անգլերեն տարբերակի շնորհանդեսը։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը իր խոսքում կարևորեց աշխատության հրատարակումը, նշելով, որ գիրքը ոչ միայն հուշարձանների պահպանման խնդիր է ներկայացնում, այլ նաև վտանգված հուշարձանների փաստարկման, վավերագրման և այս աշխարհին հասանելի դարձնելու մասին է։ Նա հավելեց, որ գրքի անգլերեն հրատարակմամբ կարող ենք հրավիրել միջազգային լսարանի, օտարերկրյա տարբեր կառույցների ուշադրությունը փաստելու առ այն, որ ամենը հայկական է և կեղծիքների դեպքում կարող է գիրքը ծառայել որպես ապացույց։
Շնորհանդեսին գիրք-ալբոմի համահեղինակներ Մհեր Քումունցը և Զոհրաբ Ըռքոյանը ևս նշեցին, որ պատմական Սյունիքի և ԼՂ-ի մի տարածքի պատմամշակութային հուշարձանների ամբողջական համապատկերը ներկայացնող այս աշխատությունը հայկական ժառագությունն անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին։
Գիրքը հրատարակության է պատրաստվել «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում» 2023 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Արցախի մշակութային ժառանգության ու հուշարձանների պահպանությունը ժողովրդի պատմամշակութային հարստության պահպանման ու շարունակության անբաժանելի մասն է։ Սա խնդիր է, որը պահանջում է ոչ միայն կառավարության և միջազգային հանրության ջանքերը, այլև հասարակության յուրաքանչյուր անդամի ակտիվ մասնակցությունը։ Ի վերջո, դա հնարավորություն կտա պահպանել և ապագա սերունդներին փոխանցել Արցախի մշակութային հարստությունը, ինչպես նաև պատմության ու ավանդույթների նկատմամբ հարգանքի սկզբունքները։
Հեղինե Մխիթարյան, ՀՊՄՀ, Լրագրության բաժին