Ինչո՞ւ է կեղծում Ադրբեջանը. հիմքեր են ստեղծում
АналитикаՎերջին օրերին Ադրբեջանը մի քանի անգամ կեղծ տեղեկություններ է տարածել հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ՝ մասնավորապես որպես ուղղություն նշելով Նախիջևանի ուղղությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեք օր նույն բովանդակությամբ հաղորդագրություններ է տարածել՝ հաշվի չառնելով, որ այդ հաղորդագրությունները հերքում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը, որը երեկ «Իքս»-ում արված գրառման մեջ նշել էր, թե Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժում կամ միջադեպ չի գրանցվել։
Ըստ երևույթին Ադրբեջանը ցանկանում է նման հայտարարություններով ոչ թե նոր ռազմական էսկալացիայի հնարավորություն ստեղծել Հայաստանի հետ, Նախիջևանի կամ այլ ուղղությամբ հարձակվելու համար, այլ պարզապես փորձում է սրել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև օգտվելով առիթից, ավելի հարմար պայմաններով դելիմիտացիա անելուն պարտադրել Հայաստանի գործող վարչախմբին։
Մեծ հավանականությամբ նման գործողությունները կարող են պայմանավորված լինել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս հանգամանքը որևէ մեկը չի կարող բացառել։ Ազգային ժողովի պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ չի բացառվում, որ Ադրբեջանն այս քայլին գնում է շտապեցնելու ՀՀ իշխանությանը դելիմիտացիայի հաջորդ փուլն ակտիվացնելու համար։
«Ըստ երկու կողմերից ավելի վաղ հնչող հայտարարությունների՝ հայտնի 4 գյուղերի հանձնումից հետո, պետք է կողմերն աշխատեն հանձնման ենթակա հաջորդ 4 գյուղերի մասով, որից երեքը Տավուշում է, մեկը՝ Տիգրանաշենը, Արարատի մարզում»,- նկատել է Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը բնականաբար փորձելու է հնարավորինս արագ Հայաստանից հերթական զիջումները կորզել, որովհետև ավելի հարմար իրավիճակ, քան ՀՀ-ում գործող այս իշխանությունների պայմաններում է, չի էլ կարող պատկերացնել։
Նանե Օհանյան