ՔՊ համաժողովում անակնկալներ են սպասվում
АналитикаՋերմուկում այսօր մեկնարկող ՔՊ հերթական համաժողովը բավականին անակնկալառատ է լինելու։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին, նախարարներին հրավիրել է Ջերմուկ՝ գաղտնի պայմաններում քննարկելու կուսակցության հարցերը։
Հատուկ այդ նպատակով հյուրանոցի տարածքն ամբողջությամբ վարձել են և տարածքում «մաքրման» աշխատանքներ են իրականացրել, նաև խլացուցիչ են տեղադրել՝ հնարավոր գաղտնալսումները բացառելու նպատակով։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է անելու թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Մասնավորապես հայտնելու է, որ առաջիկայում Հայաստանը հայտարարելու է ՀԱՊԿ-ն լքելու մտադրության մասին։ Նաև նշելու է, որ դա կարող է շղթայաբար իր հետ բերել բավականին լուրջ զարգացումներ, մասնավորապես Հայաստանի հեռացում նաև ԱՊՀ-ից և ԵԱՏՄ-ից։
Գործող իշխանությունները պատրաստ են նաև այդպիսի զարգացմանը։ Ու թեպետ երեկ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորները փորձում էին համոզել, թե իշխանությունը Եվրամիության գնալու ճանապարհին էվոլուցիոն մոդելն է որդեգրել, ուստի ԵՄ-ին անդամակցելուն հայտ ներկայացնելու համար հանրաքվե անցկացնելու կարիք այս պահին չեն տեսնում, ըստ մեր աղբյուրի, քննարկելու են նաև այդ հարցը՝ չբացառելով մոտ ապագայում հանրաքվե գումարելու հնարավորությունը։
Ըստ էության՝ Փաշինյանը գտնվում է նաև Արևմուտքի լուրջ ճնշման տակ, և դրա կարևորագույն դրսևորումներից մեկը Ռուսաստանի հետ բավականին լավ կապեր ունեցող պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելն է։ Առնվազն մեկ փոխվարչապետի և մի քանի նախարարների կարող են հրաժեշտ տալ, իսկ այդ պաշտոններին նշանակվեն Արևմուտքի դրածոներ։
Հեղինե Իշխանյան