Հայաստանը ճանաչել է Պաղեստինը
АналитикаՀայաստանի ԱԳՆ-ն երեկ հայտարարություն է տարածել և ճանաչել Պաղեստին պետությունը։ Քաղաքագետները դեռ չեն կարողանում գնահատական տալ՝ արդյոք ճի՞շտ, թե՞ սխալ է Հայաստանի գործող իշխանությունների այս քայլը։
Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ Գազայի հատվածում աղետալի հումանիտար իրավիճակ է և Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ՝ հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտեցմամբ պաշտպանում է իսրայելապաղեստինյան հակամարտության լուծման երկու պետություն սկզբունքը։
ԱԳՆ-ի հայտարարությունից հետո արաբական պետությունների լիգան բազմաթիվ արաբական պետություններ շնորհակալություն հայտնեցին պաշտոնական Երևանին երկրի դիրքորոշման համար, իսկ Իսրայելից հայտարարել են, որ ոչ միայն բողոքի նոտա են հղելու Իսրայելում Հայաստանի դեսպանին, այլև վարչապետ Նեթանյահուի խորհրդականի մակարդակով անթաքույց սպառնալիքներ տվել։
Երևանի որոշումը շտապեց ողջունել նաև Թուրքիան՝ ըստ էության ապացուցելով, որ պաշտոնական Երևանը Պաղեստին պետությունը ճանաչել է հենց Թուրքիայի պահանջով։ Տակավին երկու օր առաջ տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը, դրանից մեկ օր անց Պաղեստինի ճանաչումը, որը Թուրքիայի գլխավոր գեոքաղաքական պլաններից մեկն է, հերթական անգամ վկայում է, որ Հայաստանի իշխանությունները կատարել են թուրքերի պահանջը։
Այդուհանդերձ ճի՞շտ էր, թե՞ սխալ Պաղեստին պետության ճանաչումը, իսկ Իսրայելը վաղուց դիրքավորվել է որպես Ադրբեջանի դաշնակից, նույնիսկ այսօր էլ պաղեստինիցիների դեմ պայքար մղելուն զուգահեռ զինում է Ադրբեջանին, իսկ Իսրայելի պետական իշխանությունը մշտապես հանդես է եկել ադրբեջանամետ դիրքորոշումներով։ Այդ իմաստով Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն ցույց տալ իր վերաբերմունքն Իսրայելի նկատմամբ, այլ նաև փորձել նման քայլերով դաշնակիցներ ձեռք բերել արաբական աշխարհում։
Մարինե Կարապետյան