ՔՊ ժողովում ուշագրավ զարգացումներ են եղել
АналитикаՀանքավանում օրեր առաջ տեղի ունեցած ՔՊ ժողովը բավականին ուշագրավ ընթացք է ունեցել։ Թեպետ պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ քննարկել են միայն իրական և պատմական Հայաստանների տարբերությունները՝ Փաշինյանն էլ ծավալուն մի տեսանյութ է հրապարակել իր ելույթից, մեր աղբյուրի փոխանցմամբ, քննարկել են նաև ուշագրավ այլ զարգացումներ։
Մասնավորապես, խոսք է եղել ՀԱՊԿ-ն լքելու, ինչպես նաև Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու հանրաքվե անցկացնելու հարցերը։ Փաշինյանը վերահաստատել է իր տրամադրվածությունը ՀԱՊԿ-ն լքելու վերաբերյալ, հայտարարել, թե այլևս հետ վերադարձի տեղ չունեն, քանի որ իրենց ճիշտ չեն հասկանում թե՛ արևմտյան հովանավորները և թե՛ նույնիսկ ՀԱՊԿ-ն, որի հետ արդեն հասցրել է հիմնավորապես փչացնել բոլոր հարաբերությունները, բայց թե երբ կհայտարարի ՀԱՊԿ-ն լքելու մասին, Փաշինյանը չի խոսել, առայժմ ձեռնպահ է մնում այդ հարցին անդրադառնալուց։
Խոսելով հանրաքվեի անցկացման հնարավորության մասին՝ Փաշինյանը քննադատել է արևմտամետներին, որ վերջիններս իրենից առաջ են հասցրել նման առաջարկ անել։
Գործող իշխանությունը հրաշալի հասկանում է, որ այդպիսի հանրաքվեի անցկացումը, ինչպես նաև պոպուլիստական ծանրակշիռ կարգախոսներով նման հանրաքվեն կարող է հանրության զգալի մասի աջակցությունը ստանալ և անցնել, այդ դեպքում Փաշինյանի իշխանության հիմքերը կխարխլվեն։
Կխարխլվեն ոչ թե գործող արմատական ընդդիմության, այլ հենց նույնիսկ ներկայումս Փաշինյանին ծառայող արևմտամետների կողմից, ինչից հետո չի բացառվում, որ Արևմուտքը որոշում կայացնի Փաշինյանին փոխարինել իրենց ավելի հավատարիմ մարդկանցով, ուստի առայժմ ՔՊ-ն ձեռնպահ է մնալու հանրաքվե գումարելու մտադրությունից, իսկ այդպիսի հանրաքվե ցանկանում են անցկացնել խորհրդարանական հերթական ընտրությունների ժամանակ և դա ներկայացնել որպես ՔՊ առաջարկ։
Մանե Անանյան