Կեղտոտ պատվերը աչք է ծակում. մի «վայ-լրատվամիջոցի» հետքերով
Политика«Համահայկական ճակատ» կուսակցությունը ստեղծվելուց հետո դարձել է որոշ, իրենց «ընդդիմադիր» հռչակած շրջանակների թիրախը, իսկ կուսակցության դեմ կեղտոտ պատվերները երբեմն դուրս են տրամաբանությունից։ Հիմար մի լրատվամիջոց, որի անունը նույնիսկ չարժի տալ՝ չգովազդելու համար, լալահառաչ ու ծավալուն մի հոդված է գրել՝ կեղծ մեղադրանքներ հասցեագրելով թե՛ «Համահայկական ճակատ» շարժմանը, թե՚ նրա առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին։
Տասնյակ անգամներ վերջին շաբաթներին «Համահայկական ճակատը» պարզաբանել է, թե ինչու է արդարադատության նախարարությունը մերժել առաջին համագումարի գրանցումը, ինչու է քաղաքական ուժը հայտնվել փաշինյանական վարչախմբի թիրախում, բայց այդ պարզաբանումները որոշ անձանց մի ականջից մտնում, մյուսից՝ դուրս են գալիս։
Ծաղրում են նույնիսկ առանցքային գաղափարը՝ ստեղծել «Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ», որը դատական համակարգի այսօրվա աղճատման պայմաններում ի զորու կլինի իրավական անքննելի որոշում կայացնել վարչախմբի ու նրա պարագլխի կատարած հանցագործությունների վերաբերյալ։
Այսքանից հետո նման լրատվամիջոցին լուրջ վերաբերվելն առնվազն անլուրջ է։
Սեփական գինը մատնելով՝ նշված «լրատվամիջոցը» հերթական մի կեղծիք էլ է տարածում, իբր «Համահայկական ճակատ» կուսակցության համագումարին մասնակցել են 2000 դրամի դիմաց։ Ախր, անգամ կեղտոտ պատվերն անելիս պետք է փոքր-ինչ ողջամտության սահմանները պահել։ Միգուցե նշված «ԶԼՄ»-ում այդքան գումարով են ինչ-ինչ հիմարություններ գրում, բայց այսօր այդ գումարն ավելի քան ծիծաղելի է հնչում։
Ի դեպ, կեղտոտ այդ հերյուրանքը տարածելիս լրատվամիջոցն օգտվել է մի անձի ֆեյսբուքյան գրառումից, որը հայտնի է որպես Հայաստանում թուրքամետ կուսակցության հիմնադիրներից մեկը։
Ընդամենը շաբաթներ առաջ մի խումբ երիտասարդներ խափանեցին այդ կուսակցության հիմնադրումը Երևանում՝ կեղծիքը տարածած այդ անձի ու պարբերաբար Ալիևին դիմող մի տիկնոջ գլխավորությամբ։
Ահա այսպիսի լրատվամիջոցներ էլ գոյություն ունեն Հայաստանում։