Ի՞նչ պետք է ակնկալեն Հայաստանն ու Ռուսաստանը Իրանի նոր նախագահից. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
dzen.ru-ն «Ի՞նչ պետք է ակնկալեն Հայաստանն ու Ռուսաստանը Իրանի նոր նախագահից» վերնագրով հոդվածում գրում է, որ Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ավարտվել է բարեփոխական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանի հաղթանակով, որն ստացել է ընդհանուր ձայների 53,6 %-ը, գրում է dzen.ru-ն։
Իսկ ինչպե՞ս դա կազդի կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական գործընթացների վրա: «Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ավելի ինտենսիվ կզարգացնի երկրի փոխգործակցությունը Թուրքիայի հետ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների ընթացքը դեռևս դժվար է կանխատեսել»,- կարծում է քաղաքագետ Կարինե Գևորգյանը։
Նրա խոսքով, ներկայիս փոփոխվող հանգամանքներում դեռ դժվար է ասել, թե ի՞նչ կլինի և որքանո՞վ է պարոն Փեզեշքիանը բարեփոխիչ։ Քաղաքագետը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել էր, որ Թեհրանի քաղաքականությունը Մոսկվայի հետ հարաբերություններում կմնա անփոփոխ։ Բացի այդ, նման դիրքորոշում են հայտնել նաև իրանցի այլ քաղաքական գործիչներ։
«Թուրքիայի և Ադրբեջանի շուրջ հետաքրքիր շարժեր կլինեն: Դա՝ ոչ միայն այն պատճառով, որ Փեզեշքիանը էթնիկ ադրբեջանցի է։ Միգուցե դա ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, սակայն պարզ չէ, թե որքանով։ Իրանում կան որոշակի կառույցներ, որոնք կարող են սահմանափակել նրա գործողությունները»,- ասել է Կարինե Գևորգյանը։
«Չնայած այն հանգամանքին, որ Փեզեշքիանը ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ է, Իրանի արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություններ չեն լինի»,կարծիք է հայտնել քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը: Իր տելեգրամյան ալիքում նա նշել է հետևյալը. «Նախ՝ իրանցի բարեփոխիչները ձեռնպահ են մնում այն նախաձեռնություններից, որոնք կարող են ազդել պետության քաղաքական համակարգի վրա։
Երկրորդ՝ Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) հիմնականում ներկայացված է պահպանողականներով, որոնք կօգտագործեն իրենց հնարավորությունները իշխանության հավասարությունը պահպանելու և անհրաժեշտության դեպքում բարեփոխիչ նախագահի «չափից դուրս նախաձեռնողականությունը» զսպելու համար:
Երրորդ՝ Իրանում իշխանությունն իրականում պատկանում է Ռահբարին՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենիին, որը պաշտպանում է երկրի կառավարման պահպանողական և կրոնական սկզբունքները:
Այսպիսով, Իրանի արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություններ չեն լինի, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Թեհրանը կձգտի ամրապնդել իր դիրքերը այդ տարածաշրջաններում՝ որպես բոլոր երկրների հետ տնտեսական, մշակութային և հումանիտար հարաբերությունների զարգացման մաս, կշարունակի համատեղ տրանսպորտային և լոգիստիկ նախագծերը, ինչպես նաև կպաշտպանի ներկայիս աշխարհաքաղաքական ստատուս-քվոն և հանդես կգա ընդդեմ արտատարածաշրջանային երկրների՝ մասնավորապես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջամտության տարածաշրջանային հարցերին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում