Տարածաշրջանում իրավիճակը եռում է
АналитикаԻրանն ակտիվորեն պատրաստվում է պատասխան հարված հասցնել Իսրայելին և մոբիլիզացնում է իր բոլոր հնարավորությունները։ Լիբանանում, Եմենում, Իրաքում իր դաշնակիցներից բացի պաշտոնական Թեհրանը դիմել է նաև Ռուսաստանին՝ խնդրելով ՀՕՊ համակարգեր․ նրանք պատրաստվում են Իսրայելի հետ հնարավոր պատերազմին:
New York Times-ի աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանն արդեն սկսել է առաջադեմ ռադարների և հակաօդային պաշտպանության սարքավորումների մատակարարումը։ Օրեր առաջ էլ Թեհրան էր մեկնել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հանդիպել էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի, ինչպես նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ։
Ու թեպետ առերևույթ ռուսական կողմից խաղաղասիրական հայտարարություններ են հնչում, ակնհայտ է, որ ստեղծված նոր իրավիճակը ձեռնտու է նաև Մոսկվային, որը իրեն է կապում Մերձավոր Արևելքի առաջատար և ուժեղ երկրներից մեկին՝ Իրանին։ Շոյգուն վերադարձի ճանապարհին այցելել է Բաքու, հանդիպում ունեցել Իլհամ Ալիևի հետ։
Բանակցություններից հետո Շոյգուն լրագրողներին ասել է, որ քննարկվել է հարցերի ամենալայն շրջանակ, առաջին հերթին՝ Հարավային Կովկասի անվտանգությունը:
«Դա Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն է, որի տասերորդ խմբագրումը փոխանցվել է Երևանին և, իհարկե, այդ գործընթացին Արևմուտքի միջամտության շատ ակտիվ փորձերը»,–ասել է Շոյգուն:
Այսինքն, Ռուսաստանը ցույց է տալիս, որ նախկինի պես, դեռ մի բան էլ ավելի շահագրգռված է Հարավային Կովկասի զարգացումներով և Մոսկվայի ներգրավվածությամբ, իսկ հարցերն էլ քննարկում է ոչ թե դեպի Արևմուտք գլխապատառ սլացող ՀՀ ապիկար վարչախմբի, այլ Ադրբեջանի հետ։
Տարածաշրջանի բուռն զարգացումները լրջագույն վտանգներ են պարունակում Հայաստանի համար։ Թե ինչո՞վ են զբաղված ՀՀ իշխանավորները, ասելու իմաստ էլ չկա։
Վարդուհի Արամյան