Զախարովայի պատասխանը Օ՛Բրայենին. ՌԴ-ն վտանգներ է տեսնում
АналитикаՌուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությանը, թե Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից: Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարը Սենատի լսումներին հայտարարել էր, որ Վաշինգտոնն օգնում է, որպեսզի Հայաստանը խիզախ քայլեր ձեռնարկի Ռուսաստանից հեռանալու հարցում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո, Հայաստանի անվտանգության ապահովումը ձախողելուց հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից:
«Մենք ստեղծում ենք պայմաններ, որպեսզի դա տեղի ունենա», - ասել էր Օ’Բրայենը:
Ըստ Զախարովայի, Ռուսաստանի և Հայաստանի միջև ձևավորված դարավոր կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց ենթարկում է Արևմուտքը։ Զախարովան ԱՄՆ փոխպետքարտուղարի այս հայտարարությունն անհիմն է որակել։
«Ինչ վերաբերում է Օ’Բրայենի անհիմն հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի ևս մեկ օրինակ է. համաշխարհային հանրության աչքում ստեղծել Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականություն», որը ոչ մի կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ», - ասել է Զախարովան։
«Օ’Բրայենը և նրա թիմակիցները պետք է հասկանան մի պարզ բան՝ մեր երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան Արևմուտքի բոլոր փորձություններին։ Պատմության ընթացքում մենք բազմիցս ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին և մտադիր ենք դա անել նաև ապագայում»,- եզրափակել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ խոսնակի «լավատեսությունը», իհարկե, որևէ փաստարկով հիմնավորված չէ։ Հայաստանում հակառուսական տրամադրությունների շեշտակի աճ է գրանցվում, ընդ որում, նույն Կրեմլի որոշ աշտարակների մեղքով։ «Փափուկ ուժի» քաղաքականությունը ձախողած, Հայաստանում իր ռեսուրսները անիմաստ վատնած Մոսկվան այսօր լրջագույն վերադասավորումների, հարաբերությունների վերբեռնման ու ՀՀ քաղաքացիների սիրտը շահելու քաղաքականություն պիտի որդերգի, հակառակ պարագայում Արևմուտքի ցանած հակառուսականության ծիլերն արագ աճելու միտումներ ունեն։ Իսկ Օ՛Բայենի հայտարարությունը Ռուսաստանը պետք է որպես հստակ ազդակ ընկալի, այլապես կկորցնեն Հայաստանը։
Մարգարիտա Արամյան