Նոր մարտարվեստ, որի ակունքները... խոր անցյալում են. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Ներկայում խառը մարտարվեստի MMA հապավումը չափազանց տարածված է. այն բացվում է որպես Mixed Martial Arts: Խառը մարտարվեստի մրցումները մեծ թվով երկրպագուներ են գրավում դեպի դահլիճներ և լայնորեն լուսաբանվում են հեռուստատեսությամբ, տեղեկատվական այլ հարթակներով: Եվ, չնայած այն հանգամանքին, որ MMA -ն համեմատաբար վերջերս է սկսել ժողովրդականություն ձեռք բերել, քիչ երկրպագուներ գիտեն, որ դրա ծագումը խոր անցյալում է եղել:
Խառը ոճով կռիվների մասին առաջին հիշատակումը վերաբերում է մ.թ.ա. 648 թվականին: Հենց այդ ժամանակ էր, որ հնագույն Օլիմպիական խաղերի ժամանակ հույները մրցում էին «պանկրատիում» կոչվող մենամարտերում, որը ըմբշամարտի և բռնցքամարտի խառնուրդ էր: Հետագայում պանկրատիումը վերաճեց էտրուսկական և հռոմեական պանկրատիումի։ Դրանք դաժան մարտեր էին, որոնք տեղի էին ունենում նույնիսկ Կոլիզեյում։ Այդ ոճի մարտի լավագույն մարտիկների արձանները տեղադրվել են Հռոմեական Կայսրության շատ քաղաքներում հանրային ցուցադրության համար։ Հռոմեական Կայսրության անկումից հետո խառը ոճի մենամարտը տարրալուծվեց շատ երկրների մարտարվեստներում։ Հետո խառը մարտարվեստները զարգացման խթան են ստացել 19-րդ դարի վերջին։ Այդ ժամանակահատվածում Եվրոպայում և Հեռավոր Արևելքի երկրներում չափազանց տարածված էին տարբեր ոճերը ներկայացնող մարտիկների մասնակցությամբ մրցաշարերը։ Օրինակ՝ բռնցքամարտիկը մենամարտում էր ընդդեմ ըմբիշի։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո խառը մարտարվեստները բաժանվեցին երկու շարժման։ Առաջինը շուտրռեստլինգն էր, որը բնութագրվում էր որպես իրական մենամարտ, երկրորդ միտումը բեմականացված մենամարտերն էին, որոնք ժամանակի ընթացքում վերածվեցին ռեսթլերների մարտերի, որոնք ավելի շուտ նման էին շոուի:
Չինական մարտարվեստի դերասան և վարպետ Բրյուս Լին է հսկայական ներդրում ունեցել խառը մենամարտերի հանրահռչակման գործում։ Անցյալ դարի 60-ական թվականներին նա սկսել է ակտիվորեն առաջ մղել տարբեր մարտարվեստները մեկ ոճում միավորելու գաղափարը: Բրյուս Լիի համակարգը, որը կոչվում է «ջիթքուն», ներառում է մենամարտերի բազմաթիվ տեխնիկաներ ու սկզբունքներ, որոնցից շատերը հանդիպում են ժամանակակից MMA-ում: Խառը մենամարտերի ոճի հանրահռչակման գործում առանձնահատուկ դեր են խաղացել այդ հայտնի դերասանի մասնակցությամբ ֆիլմերը։
MMA-ի զարգացման հաջորդ փուլն ընթացել է երկու ուղղությամբ: Դրանցից առաջինը 20-րդ դարի առաջին կեսին Բրազիլիայում ծագած «վալետուդո» շուտրռեստլինգ մրցաշարերն են։ Ճապոնիան էլ դարձել է մեկ այլ ուղղության սկիզբը: Այդ երկրում դեռ 1970-ականներին պրոֆեսիոնալ ըմբիշ Կանջի Ինոկին սկսեց մենամարտեր կազմակերպել` օգտագործելով խառը մարտի կանոնները։ Այդ մենամարտերից մեկն էլ հենց Ինոկիի և Մուհամմադ Ալիի հանդիպումն էր։ Մենամարտի կանոններին համապատասխան, ոտքերով հարվածներ կարելի էր կատարել միայն ռինգում պառկած վիճակում։ Ամբողջ մենամարտի ընթացքում Ինոկին, մեջքի վրա պառկած, հարվածեց բռնցքամարտիկի ոտքերին՝ ծանր վիրավորելով նրան։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, ընդ որում՝ մարտն այնքան էլ դիտարժան չէր։ Արդյունքում կարծիք ձևավորվեց, որ ոճերի անհամատեղելիության պատճառով նման մենամարտերը տեղին չեն։ Բայց ճապոնացիները չհրաժարվեցին նման մարտեր կազմակերպելու փորձերից։ Հիմնականում դրա պատճառով էլ 1986 թվականին հայտնվեց պատմության մեջ խառը մարտարվեստի առաջին կազմակերպությունը, որը կոչվում էր «Շուտո»:
MMA-ի արագ զարգացումը ԱՄՆ-ում սկսվել է 1993 թվականի սկզբից, երբ Դենվերում անցկացվեց UFC-ի առաջին առաջնությունը (Ultimate Fighting Championship), 4 տարի անց Ճապոնիայում սկսեց իր աշխատանքը Pride Fighting Championship կոչվող կազմակերպությունը, որը շատ արագ դարձավ MMA-ի խոշորագույն կազմակերպություններից մեկը: Ավելի ուշ սկսեցին ի հայտ գալ այլ կազմակերպություններ։
Այն մարդիկ, ովքեր MMA-ն համարում են առանց կանոնների մենամարտեր, խորապես սխալվում են։ Այսօր MMA մենամարտերը կանոնակարգված մրցումներ են, որտեղ մարտիկները բաժանվում են քաշային կարգերի և մասնակցում 3 ռաունդից բաղկացած մենամարտերի՝ յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ։ Այստեղ արգելված են մի շարք տեխնիկական հնարքներ՝ կծելը, աչքերը կանխամտածված վնասելը, աճուկի հատվածին և կոկորդին հարվածելը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում