Ինչպիսի՞ պատմություն ունի սալօջախ–վառարանը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Խոհանոցում հիմնական ու ամենակարևոր պարագան, երևի թե, վառարանն է, հիմա՝ սալօջախը։ Այն անցել է էվոլ յուցիայի երկար ճանապարհ, մինչև մեզ ծանոթ ձևին հասնելը: Կրակը ժամանակին դարձել է մարդկության սոցիալական էվոլ յուցիայի կարևոր պահ: Հին ժամանակներից մարդիկ կրակի օգնությամբ համեղ ուտելիքներ են պատրաստել, տաքացել, պաշտպանվել գիշատիչ կենդանիներից։ Ժամանակի ընթացքում վառարանների կարիք է առաջացել, քանի որ բաց կրակն ունի բազմաթիվ թերություններ և անարդյունավետ է։ Առաջին վառարանները պատրաստվել են խոր փոսերի տեսքով, որոնց ներքևում կրակ է վառվել, իսկ վերևում դրվել են կաթսաներ կամ խորովել կենդանու միս։ Ավելի ուշ ջերմության ավելի լավ փոխանցման համար հողե վառարանները պատել են կավե շաղախով և շարել քարով։
Վառարանի ամբողջ մուրն ու ծուխը մնացել է տանը, ուստի ածխածնի օքսիդից մահացության բարձր ցուցանիշ է եղել։ Ծխնելույզները հայտնվել են շատ ավելի ուշ՝ միայն XII դարում։ Վերածննդի դարաշրջանում տեղի է ունեցել գործառույթների տարանջատում. հյուրասենյակում տաքանալու համար բուխարի են սարքել, իսկ վառարանը, այսինքն՝ փաստացի արդեն սալօջախը տեղափոխել են խոհանոց։ Սկզբից վերջինիս մակերեսը ծածկվել է սրբատաշ քարերով, ապա՝ մետաղյա թիթեղներով։ 1742 թվականին հայտնվել է փոքր մետաղական վառարանը։ Դրա ստեղծողը եղել է ամերիկացի քաղաքական գործիչ և գյուտարար Բենջամին Ֆրանկլինը։ Նման վառարանը ծառայում էր միայն տարածքը տաքացնելու համար, իսկ ավելի մեծածավալ վառարանները դեռ օգտագործվում էին սնունդ պատրաստելու համար։
1800 թվականին Բենջամին Թոմփսոնը ստեղծել է առաջին չուգունե վառարանը։ Այն ջեռուցվում էր ածուխով։ Հաջորդը եղել է «Ռեյնջմաստեր» վառարանը, որը միայն մի փոքր ավելի մեծ էր, քան ժամանակակից վառարաններն են: Այդ գյուտի համար Ուիլ յամ Ֆլավելը Լոնդոնի միջազգային ցուցահանդեսում ստացել է տասնհինգ մեդալ: «Ռեյնջմաստերի» տարբերակիչ առանձնահատկություններն էին միաժամանակ պատրաստելու մի քանի ռեժիմները և վառելիքի խնայողության առկայությունը: 20-րդ դարի սկզբին վառարաններն արդեն պատրաստվում էին պողպատից՝ ծածկված էմալով, և ունեին չորս այրիչ։ Առաջին գազօջախը ստեղծվել է 1825 թվականին բանվոր Ջեյմս Շարփի կողմից։ Նա դա հորինել էր կնոջ աշխատանքը հեշտացնելու համար, ուստի առաջին օրինակը տեղադրել էր իր տանը։
Գազօջախների շահագործման ժամանակ հաճախ են նկատվել դժբախտ պատահարներ՝ գազի հետ ոչ ճիշտ վարվելու պատճառով։ Ուստի, գազօջախների մասսայական արտադրությունը սկսվել է միայն 1836 թվականին, սակայն բնական գազի բարձր գնի պատճառով դրանք այնքան էլ տարածված չէին Եվրոպայում։ Իրավացիորեն դրանք կարողացան գնահատել միայն Միացյալ Նահանգների բնակիչները, որոնք չունեին այդ բնական ռեսուրսի պակասը։ Ամերիկայում տասը տարվա ընթացքում արտադրվել է ավելի քան տասնչորս միլիոն գազօջախ։ Հետագայում Կանադայում 1883 թվականին ստեղծվել է էլեկտրական վառարանը, որը համարվում է ներկայիս վառարանների նախատիպը։ Դրա զանգվածային արտադրությունը սկսվել է 25 տարի անց Էմիլ Ռոտենաուի կողմից: Սովորական այրիչների փոխարեն օգտագործվել են մետաղական թիթեղներ, որոնք դրվել են վառարանի ոտքերի վրա։
Դրանք կերակուր պատրաստելու ժամանակ ծառայել են որպես հենարան։ Այդ սարքը ավելի քան կես ժամ տաքացվում էր հոսանքով և էժան չէր, չնայած դրան, այն գնել ցանկացողներին վերջ չկար։ 1945 թվականին ամերիկացի ֆիզիկոս Պերսի Սփենսերն էլ հայտնագործել է միկրոալիքային վառարանը։ Առաջին սարքերը տեղադրվել են բանակային ճաշարաններում։ Միկրոալիքային վառարանները մեծ ու ծանր էին։ Ճապոնացի գիտնականները դրանք կատարելագործել են՝ ավելացնելով պտտվող ափսե և ինտեգրված կառավարման համակարգ։ Ներկայում մեր նախնիների ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր տնային տնտեսուհի խոհանոցում ունի անփոխարինելի օգնական՝ վառարան–սալօջախ, որը ներդաշնակ է խոհանոցի մեջ և կատարում է իր հիմնական գործառույթը, այն է՝ սնունդ պատրաստելը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում