Ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման ամբողջական համակարգ. նախագիծ. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2019 թ.-ի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշման մեջ: Կառավարությունը «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշմամբ սահմանել է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը, սակայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում կատարված մեծածավալ փոփոխությունների հետևանքով փոփոխվել է ոչ միայն այդ օրենքի վերնագիրը, այլ նաև այն մարմինների շրջանակը, որոնք պետք է ներկայացնեն տեղեկություններ կենտրոնացված հաշվառման համար: Բացի այդ, օրենսդրական բարեփոխումների արդյունքում իրավահարաբերությունների կանոնակարգման նպատակով հստակեցումներ ներառելու և ավելորդ տեղեկատվություն չպահանջելու անհրաժեշտություն առաջացավ, օրինակ՝ այսուհետ ընտանքի անդամների համատեղ բնակվելու կամ չբնակվելու հանգամանքն այլևս որևէ նշանակություն չունի արարքն ընտանեկան և կենցաղային բռնություն համարելու համար, ինչից ելնելով որոշման մեջ նույնպես առաջանում է համապատասխանեցման անհրաժեշտություն։
Այս խնդիրները հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառմանն առնչվող իրավահարաբերությունները կանոնակարգող իրավական ակտում՝ հիմնված օրենսդրական փոփոխությունների և տեխնիկական բնույթի շտկումների վրա։
Նախագծով առաջարկվում է իրականացնել տերմինաբանական համապատասխանեցում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի հետ, և որոշման մեջ կիրառել նույնական եզրույթներ, վերանայել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համար տեղեկություններ տրամադրող մարմինների շրջանակը, ինչպես նաև մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունների շրջանակը, պարզեցնել տեղեկատվություն լրացնելու կարգը որոշման թերթիկ N 1-ում, կատարել տեխնիկական բնույթի շտկումներ։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման ամբողջական համակարգ, որը համապատասխանում է ՀՀ գործող օրենսդրությանը, ինչի արդյունքում կհստակեցվեն թե՛ այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են հաշվառումներն իրականացնելու համար, թե՛ այն մարմինների շրջանակը, որոնք պետք է այդ տեղեկությունները տրամադրեն լիազոր մարմնին:
Նախագծի ընդունումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում