Պետական գաղտնիք համարված բաղադրատոմս, որը հիմա հայտնի է բոլորին. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Վաֆլին (գերմաներեն՝ Waffel) բարակ, չոր թխվածքաբլիթ է, որի մակերեսը յուրահատուկ դրոշմ ունի։ Այն թխում են հարած խմորից՝ հատուկ ձևերով։ Խմորը բաղկացած է լինում ալ յուրից, ձվից, շաքարավազից (քաղցր վաֆլիի մեջ) և սերուցքից։ Վաֆլիի կտորները հաճախ իրար են կպցնում կրեմներով։ Դրա համար նաև կարելի է օգտագործել պաղպաղակ։ Վաֆլիների համար օգտագործվում են նաև մրգային, հատապտղային և այլ միջուկներ։ Վաֆլին կարող է օգտագործվել ոչ միայն որպես ինքնուրույն աղանդեր, այլ նաև որպես հիմք այլ հրուշակեղենի (տորթեր, խմորեղեն) համար։ Այդ նպատակների համար վաֆլին պատրաստվում է թե՛ շերտերի, թե՛ գավաթների, խողովակների, կոների և այլնի տեսքով: Փխրուն վաֆլին առաջին անգամ պատրաստել են այնքան վաղուց, որ ոչ ոք չի հիշում այն խոհարարի անունը, ով հորինել է դա։
Հայտնի է, որ վաֆլիները (կամ «վանդակավոր թխվածքաբլիթները») պատրաստվել են դեռ Հին Հունաստանում, և այդ ժամանակից ի վեր փոքր քառակուսիներից բաղկացած այդ ուտեստի շուրջ ոգևորությունը չի մարում։ Հին ժամանակներում վաֆլիները եղել են բացառապես բնական արտադրանք, չափազանց բարդ բաղադրատոմսով և, հետևաբար, բավականին թանկ: 15-16-րդ դարերում միայն շատ հարուստ և ազնվական մարդիկ կարող էին իրենց թույլ տալ սեղանին վաֆլի դնել: Երկար ժամանակ վաֆլիի բաղադրատոմսը պահպանվել է ամենախիստ գաղտնիության մեջ, քանի որ այն պատկանում էր միայն թագավորական արքունիքին։ Պետական գաղտնիքների բացահայտման համար մահապատիժ կհետևեր և՛ բացահայտողին, և՛ ռիսկի դիմած այն խոհարարին, ով կհամարձակվեր ձեռք բերել բաղադրիչների ցանկը:
Վաֆլու բաղադրատոմսը առաջին անգամ առանց մահվան վտանգի տարածվել է 16-րդ դարում, իսկ ավելի ուշ հրուշակագործները սկսել են թխել և վաճառել վանդակավոր թխվածքաբլիթներ հենց փողոցում, և յուրաքանչյուրը կարող էր հետևել այդ գործընթացին: Այնուամենայնիվ, ոմանք կարծում են, որ վաֆլին հայտնագործվել է Գերմանիայում, այլապես ինչո՞ւ է այն գերմանական անուն կրում: Թարգմանաբար «վաֆել» բառը նշանակում է «բջիջ» կամ «մեղրամոմ»: Այստեղ ասոցիացիաները միանգամայն հասկանալի են. հրուշակեղենի վրայի փոքր խորշերը իսկապես նման են մեղուների փեթակների մեղրամոմին: Վաֆլիների իրական բումը սկսվել է 1869 թվականի օգոստոսի 24-ին. հենց այդ օրն է Նյու Յորքի բնակիչ գյուտարար Կոռնելիուս Սվարթաուտը ներկայացրել իր գյուտը` վաֆլիի համար նախատեսված տապակը:
Այն նման էր նրան, ինչը մարդիկ օգտագործում են այսօր. դա երկու մասից բաղկացած տապակ էր, որոնցից յուրաքանչյուրի մեջ լցվում է խմոր, և մասերը միացնում են միմյանց։ Ավելորդ է ասել, որ քաղցր վաֆլու հետ մեկտեղ հայտնվել են նաև «լանչ» վաֆլիները՝ մսով, ձկով, բանջարեղենով և տարբեր սոուսներով։ ԱՄՆ-ում, օրինակ՝ աներևակայելի ժողովրդականություն են վայելում ֆերմերային մսով, բեկոնով և պանիրով վաֆլիները, դրանք ուտում են և՛ նախաճաշին, և՛ ճաշին։ Երբ 20-րդ դարում հոլանդացի ճանապարհորդները նման վաֆլի պատրաստելու բաղադրատոմսը (միևնույն ժամանակ՝ նաև տեխնոլոգիան) բերեցին ԱՄՆ-ից, ուտեստն սկսեց անհավատալի հաջողություն ունենալ Հին աշխարհում: Ներկայում վաֆլի պատրաստելը ծիծաղելիորեն հեշտ է, եթե ունեք այն պատրաստելու «կախարդական մեքենան»: Պարզապես պետք է խմորը լցնել նրա մեջ և մի փոքր սպասել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում