Բացառիկ վիսկի, որի ստեղծման ակունքներում... կին է. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Վիսկին համարվում է տղամարդկանց խմիչք: Բոլոր ժամանակներում այն ստեղծվել է տղամարդկանց կողմից և տղամարդկանց համար: Այնուամենայնիվ, կա մեկ զարմանալի բացառություն: «Կարդու» հայտնի և հարգված վիսկիի ակունքներում կին է եղել: Դա բավականին ուշագրավ փաստ է նաև այն պատճառով, որ այդ վիսկիի թորման գործարանը հիմնադրվել է 1811 թվականին, երբ նույնիսկ լուսավորյալ Մեծ Բրիտանիայում կանայք շատ սահմանափակ իրավունքներ ունեին։
Արդարության համար պետք է ասել, որ բրենդն ի սկզբանե գրանցել է շոտլանդացի ձեռնարկատեր Ջոն Քամինգը։ Լիցենզիան ստացել է 1824 թվականին, բայց մինչ այդ 13 տարի եղել է այդ ըմպելիքի գաղտնի արտադրություն, և դա ղեկավարել է Ջոնի կինը՝ Հելենը, որն էլ զբաղվում էր թորումով։
Բայց ամեն ինչ՝ հերթով: 1811 թվականին, երբ թունդ ալկոհոլի գաղտնի արտադրությունը շատ տարածված երևույթ էր ողջ Շոտլանդիայում, Քամինգ ընտանիքը նույնպես որոշեց զբաղվել դրանով։ Այդ նպատակի համար երկար ժամանակով վարձակալվել էր ֆերմա, որտեղ բուռն գյուղատնտեսական գործունեություն էր ծավալված, այդ թվում՝ վիսկիի ապօրինի արտադրության։ Այդ օրերին բոլոր «ապօրինի թորողների» գլխավոր խնդիրը ակցիզային պաշտոնյաներն էին, որոնք սովորություն ունեին հայտնվել առանց նախազգուշացման։ Ջոն և Հելեն Քամինգները, ինչպես և մնացած «թորողները», հմտորեն թաքցնում էին արտադրության բոլոր հետքերը, բայց, չնայած դրան, 13 տարվա ընթացքում Ջոնը երեք անգամ մեղադրվել է վիսկիի անօրինական արտադրության մեջ: Սակայն ամեն անգամ պահանջվող տուգանքը վճարելուց հետո ընտանիքը վերադառնում էր իր նախկին գործին։ Հենց այդ տարիներին է Հելենն իր վիսկիի թորման գործընթացը հասցրել կատարելության։
1824 թվականին Cardhu թորման գործարանը լիցենզիա է ստացել, և Հելեն Քամինգը շարունակել է օրինական կերպով արտադրել իր ըմպելիքը: Նա մահացել է 97 տարեկանում և մինչև 93 տարեկանը մասնակցել է թորմանը։ 1872 թվականին Հելենի Էլիզաբեթ հարսն է ստանձնել գործարանի ղեկավարումը։ Այսպիսով, Cardhu վիսկին ստեղծվել է ոչ միայն կնոջ կողմից, այլ նաև հենց կանայք են գլխավոր դերը խաղացել այդ ապրանքանիշի անկախ գոյության ընթացքում։ Հենց Էլիզաբեթն է կառուցել նոր մեծ արտադրամասեր և «Կարդու» վիսկին հասցրել մեծ շուկա։
Թորման արտադրությունը հաջողությամբ զարգացել է և 1893 թվականին շատ շահավետ պայմաններով վաճառվել է Johnnie Walker ընկերությանը, որի սեփականությունն էլ մնում է մինչ օրս: Պայմանագրի պայմաններից մեկն այն էր, որ Johnnie Walker վիսկիի յուրաքանչյուր խառնուրդում ավելի շատ պարունակվի Cardhu վիսկի: Այդ պայմանը դեռ խստորեն պահպանվում է, և Cardhu վիսկիի մեծ մասն օգտագործվում է հենց Johnnie Walker-ի ստեղծման համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում