Բեյսբոլկա՞, թե՞ կեպի. կա՞ն, արդյոք, տարբերություններ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Կեպին գլխարկ է, որն իր տեսքով հիշեցնում է ֆուրաժկան և անփոխարինելի է շոգ կամ անձրևոտ եղանակին: Այն հագուստի կարևոր տարր է հատկապես սպորտով զբաղվելու, զբոսաշրջության, որսի և այլ զբաղմունքների ժամանակ։ Կեպիի պատմությունը սերտորեն կապված է նրա մերձավոր «ազգականի»՝ բեյսբոլի գլխարկի՝ բեյսբոլկայի հետ։ Հովարներով գլխարկներ կրելու գաղափարը ծագել է դեռ Հին Եգիպտոսի բնակիչների շրջանում, այնուհետև այն փոխառվել է միջնադարյան ասպետների կողմից սաղավարտներ պատրաստելիս, և միայն 19-րդ դարում է հովարով գլխարկը ձեռք բերել քիչ թե շատ ժամանակակից իր տեսքը: Դա տեղի է ունեցել բրիտանական բանակում, որտեղ որոշել են հովարով գլխարկներ կրել:
Այնուամենայնիվ, 1830 թվականին հենց Ֆրանսիայում է հայտնվել գլխարկ՝ «kepi», որը դարձել է ֆրանսիացի զինվորականների համազգեստի մի մասը՝ փոխարինելով սարսափելի անհարմար կիվերներին: Այդ նոր գլխարկը նրբագեղ էր, կրելու համար՝ շատ հարմար, իսկ ահա կիվերները չափազանց անհարմար էին իրենց մեծ քաշի և չափերի պատճառով: Ի բարեբախտություն զինվորականների, ինչպես կիվերները, այնպես էլ կեպիներն ունեին մի կարևոր ընդհանուր հատկանիշ՝ հովարի առկայությունը: Առաջին կեպիները հարթ կլորացված անկյուններով հովար ունեին, բայց ավելի ուշ դրանք սկսեցին ավելի խոր ընկնել՝ ծածկվելով գլխարկի ծալքով:
Այդ գլխարկի երկրորդ տարբերակն ուներ քառակուսի հովար։ Հետագայում կեպիի կառուցվածքի փոփոխություններ տեղի ունեցան, քանի որ առաջին տարբերակը, գլխարկի ծալ քով կլոր հովարի շնորհիվ, ավելի էր հակված անձրևից թրջվելու ու ծանրանալու, իսկ եղանակի քմահաճությունները չպետք է խանգարեին ճակատամարտին։ Կեպին հետագայում ավելի լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում այն բանից հետո, երբ ամերիկացիներն այդ լավ գաղափարը վերցրեցին ֆրանսիացիներից և բրիտանացիներից: Դա են հաստատում քաղաքացիական պատերազմի մասին նկարազարդումները, լուսանկարները, աշխատանքները, որտեղ երևում է, որ զինվորականները կրում են նման գլխարկներ։
Բրինթոն Մակքելան անունով գեներալն է համբավ նվիրել կեպիին: Նա մշտապես կեպի էր կրում, որի արդյունքում էլ նրա ենթակաները հաճույքով ընդունեցին իրենց զորավարի փորձը: Քսաներորդ դարի սկզբին կեպիները հսկայական ժողովրդականություն էին ձեռք բերել: Բանն այն է, որ կեպի կրել կարող էր իրեն թույլ տալ բնակչության մեծ մասը։ Էժան և նորաձև, էլ ի՞նչ է պետք: Սակայն քսաներորդ դարի կեսերին կեպիների պահանջարկը նվազել է, քանի որ նոր միտում է հայտնվել՝ բեյսբոլկա գլխարկները: Դրանք կրում էին մարզիկները, քանի որ, ի տարբերություն կեպիների, բեյսբոլկաները ավելի երկար հովար ունեն և օգնում են աչքերը պաշտպանել կիզիչ արևից: Եվ շուտով բեյսբոլի գլխարկներ հայտնվեցին տարբեր սպորտաձևերի եռանդուն երկրպագուների մոտ։ Ներկայում մարդկանց կեպիների ու բեյսբոլի գլխարկների լայն տեսականի է առաջարկվում, յուրաքանչյուրը կարող է ընտրել ցանկացած գույնի և ցանկացած տեսակի գլխարկ։ Դրանք հիմա էլ օգտագործվում են և՛ որպես ամենօրյա ոճային գլխարկներ, և՛ որպես մարքեթինգային գործիք, և՛ որպես պաշտպանության միջոց անձրևից ու արևից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում