«Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածին
Аналитика«Փյունիկ»-ի նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտարարել է, թե որոշել է վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը։ Սողոմոնյանը նշել է, թե պատրաստ է վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը։
Շուրջ երկու տարի է ձգվում «Փյունիկի» և Ֆուտբոլի ֆեդերացիայի հակամարտությունը, այդ ընթացքում ֆեդերացիայի տխրահռչակ նախագահը, օգտագործելով իշխանական բոլոր լծակները, իսկական հալածանքներ է իրականացնում ամենատիտղոսակիր թիմի դեմ։ Այդ հալածանքներն էլ հաճախ անցնում են ողջամտության և բարոյականության բոլոր սահմանները։ Մի քանի այլ ակումբների ղեկավարներ էլ ժամանակին դժգոհություն էին հայտնել Արմեն Մելիքբեկյանի գործողություններից, նրանց էլ դուրս մղեցին հայկական ֆուբոլից։
Մելիքբեկյանը ՀՖՖ-ում հայտնվել էր 2018 թ. իշխանափոխությունից հետո, նախ փոխնախագահի, ապա՝ ՀՖՖ նախագահի կարգավիճակով։ Օգտագործելով պաշտոնյաների հետ ունեցած մտերմությունը՝ ամեն բան անում է ՀՖՖ-ն ոչ թե զարգացնելու, այլ մինչև վերջ քամելու համար։ Մամուլում բազմաթիվ են հրապարակումները, որ ՀՖՖ տենդերները, որոնք բավական լուրջ գումարներ են կազմում, բաժին են հասնում տարբեր պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների։ ՀՖՖ-ում ֆինանսական հետաքրքրություններ ունեցող ՔՊ-ականների թվում են Հակոբ Սիմիդյանը, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը, այլք։ Վերջիններս էլ, իշխանության վերին օղակների թողտվությամբ, կոռուպցիայի իսկական հանդես են կազմակերպել: Բնական է, որ յուրաքանչյուր ոք, ով կխանգարի ՀՖՖ նախագահին ու նրա մտերիմներին, կհայտնվի հալածանքների թիրախում։
Սաթինե Գալստյան