Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին
Общество«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երեկ Մարզահամերգային համալիրում բազմամարդ հավաք է գումարել, հայտարարել, թե շարժման պայքարի ակտիվ շրջանը կվերսկսվի։
«Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»,–ասել է նա։
Ըստ Գալստանյանի, մայիսից անընդհատ լսում են, որ շարժումը մարել է կամ մարում է` ոմանց մոտ ուրախություն առաջացնելով, ոմանց մոտ էլ` կասկածներ և տագնապ։
«Այս շարժումը նոր է սկսում, և եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է։ Այս նյարդերի պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ և համբերատար, ով պատրաստ է զոհաբերության և զրկանքների, որովհետև սա ճշմարտության համար պայքար է, և ոչ մեկ չի կարող մեզ, ինձ բաժանել այս հավատքից»,–նկատել է շարժման առաջնորդը։
Ըստ շարժման առաջնորդի` պետք է վերացվեն ՀՀ իշխանության կողմից հանրության ներսում ստեղծված պետության և հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը, վերականգնել ազգային համերաշխությունը, մեծ ուշադրություն է պետք դարձնել Բաքվում պահվող ռազմագերիների խնդրին, և նրանց տուն վերադարձնել, ադրբեջանական զինուժին հնարավորինս շուտ պետք է դուրս մղել ՀՀ տարածքից, ՀՀ-ն պետք է հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի և վստահելի գործընկերոջ կարգավիճակին։
Բոլոր այս կարգախոսներն, իհարկե, լավն են և անհրաժեշտ, բայց հարց է՝ արդյո՞ք «Սրբազան շարժմանը» կհաջողվի կրկին ստանձնել ընդդիմադիր պայքարի առաջամարտիկի դերը, նաև հանրային մեծ զանգվածների հանել փողոցներ։ Ընդօրինակելով «Հայրենիքի փրկության ճակատի», «Դիմադրության» շարժման մեթոդները՝ «Սրբազան շարժումն» ընդօրինակեց նաև նրա սխալները, միաժամանակ, ոչ կշռադատված քայլերով ամռան սկզբին մարման տանելով շարժումը։
Ընդդիմադիր շարժումներում առանցքային դեր ունի առաջնորդի կերպարը, մեկ անգամ պարտված առաջնորդին բարդ է լինելու նորից գրավել հանրության ուշադրությունը։ Արդյո՞ք կրկին ակտիվանալու խոստումները իսկապես գործող իշխանությունների դեմ պայքարի հույս են ներշնչում, թե՚ նպատակ ունեն հնարավոր այլ ընդդիմադիր միավորումների, շարժումների մուտքը խափանել, ցույց կտա ժամանակը։
Ամեն դեպքում Հայաստանին նոր, թարմ գաղփարներով ու չվարկաբեկված դեմքերով ընդդիմադիր շարժում է հարկավոր։
Սիմա Ավետիսյան