Հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ կատակերգական «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան:
ОбществоՖիլմում ներկայացված են մի խումբ դեռահասներ , որոնց համախմբել են մեկ գաղափարի շուրջ։ Նրանք ունեն ընդհանուր պայքար՝ հանուն իրենց ընկերոջ փրկության: «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» նոր գեղարվեստական ֆիլմը տարբեր բնավորոթյունների տեր ճամբարականների մասին է, որոնք համալրելով հատուկ ջոկատայինների շարքը, մի պահ մոռանում են իրենց անձնական նպատակների մասին՝ ցուցադրելով իրենց լավագույն կողմերը՝ ընկերասիրությունը, միասնականությունն ու կամքի ուժը: Այս ամենին, իհարկե, հասնում են դժվար ու հետաքրքիր փորձությունների շնորհիվ, որոնցով հագեցած է ֆիլմը:
«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմում առանցքային դերերով հանդես են գալիս նաև Ռաֆայել Երանոսյանը, Գարիկ Սեփխանյանը, Լևոն Հարությունյանը, Մարիամ Ալեքսանյանը, Լիլի Էլբակյանը, Սամվել Թոփալյանը, Սուրեն Թումասյանը, Վաչե Երիցյանը, Վահագն Գալստյանը, Յուլիա Ֆինկը, Լիլիթ Սարգսյանը, Հռիփսիմե Ելինյանը, Տիգրան Գյուլումյանը և այլք:
«Սերիալից անցում գեղարվեստական ֆիլմի՝ ստեղծագործական թիմի համար շատ դժվար էր: Այնպես ենք արել, որ ֆիլմը սերիալից կտրենք , քանի որ հաշվի ենք առել, որ կլինեն մարդիկ, ովքեր առաջին անգամ են դիտում «Դեպի ճամբար» պրոյեկտը ։ Մեզ համար կարևոր էր, որ մարդկանց մոտ նայելիս հարցեր չառաջանան, իրենք տեսնեն 0-ից նոր ֆիլմ»,- նշեց ֆիլմի պրոդյուսեր, դերասան Գրիգոր Դանիելյանը:
«Սերիալի դեպքում օրեր է եղել մեկ օրում մեկ սերիա ենք նկարել, այս դեպքում չեք պատկերացնի ինչ բարդ էր: Ֆիլմի դեպքում առավոտյան 8-ից նկարահանումները սկսվում էին ու տևում մինչև գիշերը 12-ը: Ու, գալիս, ասում էին, ուռա ՜, այսօր 2 րոպե նկարեցինք: Ես զարմանում էի, ասում էի՝ ո՞նց, 2 րոպե՞, այ այդքան դժվար էր, որի մասին անգամ մենք չէինք էլ պատկերացնում »,- անկեղծացավ ֆիլմի տնօրեն Հռիփսիմե Ելինյանը:
Ռեժիսորը՝ Կարեն Ամյանը, պատմեց, որ սցենարի հեղինակ Գարիկ Սեփխանյանը գրել էր, որ ինքը ծառից ընկնելու է, հետո անակնկալի էր եկել, թե ինչպես պիտի ընկնի:
Գարիկ Սեփխանյանն էլ խոստովանեց՝ սցենար գրելն ավելի հեշտ էր, քան իրագործելը: «Տեսարաններ կան, որ նկարահանման հրապարակում փոփոխության են ենթարկվել, գրելուց չես պատկերացնում ոնց կարելի է դա իրագործել»,- ասաց Գարիկը:
Հիշեցնենք, «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմն արդեն կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում:
Մարինկա Ալեքսանյան