Պաշտպանական ամրոցից՝ աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Լուվրը Փարիզի, գուցե նաև աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է։ Այն հայտնի է զբոսաշրջիկներին նախ և առաջ ոչ որպես ճարտարապետական հոյակապ հուշարձան, որը ժամանակին ծառայել է որպես ֆրանսիական թագավորների նստավայր, այլ որպես աշխարհի ամենահայտնի թանգարան, որտեղ կան արվեստի գործեր աշխարհի բոլոր անկյուններից: Թանգարանն ունի ավելի քան 400 000 ցուցանմուշ, որից 35 000-ը ցուցադրված է։ Հավաքածուները բաժանված են ութ բաժնի՝ արևել յան, եգիպտական, հունական, էտրուսկական և հռոմեական հնություններ, իսլամական արվեստ, քանդակագործություն, գեղանկարչություն, առարկաներ և գրաֆիկական արվեստ: «Դենոն» թևը Լուվրի ամենաշատ այցելվող մասն է և պարունակում է իտալական նկարների հավաքածու՝ ներառյալ «Մոնա Լիզան»:
Այդտեղ է հավաքվում զբոսաշրջիկների մեծ մասը՝ երազելով տեսնել Լեոնարդո դա Վինչիի լեգենդար «Ջոկոնդան»: Փաստացի, Մոնա Լիզային կարելի է միայն աչքի պոչով տեսնել, քանի որ սրահը, որտեղ գտնվում է աշխարհի այդ ամենահայտնի նկարը, լեփ-լեցուն է օրվա գրեթե ցանկացած ժամի: Արվեստի գիտակների հսկայական ամբոխը շարվում է Լեոնարդոյի գլուխգործոցի առջև՝ բարձրացրած ձեռքերում բռնելով տեսախցիկները... Բացի այդ, «Դենոն» թևում կա նաև իտալական նկարների հսկայական պատկերասրահ, 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչների հայտնի գործեր և իտալական դասական քանդակների հավաքածու: Շատերին է հետաքրքրում նաև «Ռիշել յե» թևը, որի երրորդ հարկում ցուցադրված են նկարներ Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայից։ Այստեղ կարելի է տեսնել Դյուրերի և Վերմեերի, Հանս Հոլբեյն Կրտսերի և գեղանկարչության շատ այլ վարպետների գործեր։
Ներքևի հարկում կա կիրառական արվեստի ցնցող հավաքածու՝ ներառյալ Նապոլեոնի հայտնի սենյակը, որը հիացնում է իր ձևավորման շքեղությամբ: «Սյուլլիի» թևը առաջին հերթին գրավում է Լուվրի պատմությամբ հետաքրքրվողներին: Լուվրը կառուցվել է թագավոր Ֆիլիպ Օգոստոսի կողմից 12-րդ դարի վերջին։ Այն ժամանակ Լուվրը միայն պաշտպանական ամրոց էր, սակայն այդ կառույցը դարեր շարունակ ենթարկվել է փոփոխությունների։ Ֆրանսիայի գրեթե յուրաքանչյուր թագավոր անհրաժեշտ է համարել Լուվրի արտաքին տեսքի մեջ ինչ-որ նոր բան մտցնել: Այսպիսով, 16-րդ դարի կեսերին Ֆրանցիսկոս 1-ինը, ով որոշեց Լուվրը դարձնել իր փարիզյան նստավայրը, իր պալատական ճարտարապետին հրամայեց կառուցել Վերածննդի ոճով պալատ, իսկ 16-րդ դարի վերջում Հենրիխ 4-րդ թագավորը հրամայեց միջնադարյան ամրոցի մնացորդները հեռացնել, բակը ընդլայնել և Թյուիլերի ու Լուվրի պալատները միացնել: 1682 թվականին թագավորական պալատը տեղափոխվեց Վերսալ, և Լուվրը մնաց լքված մինչև Ֆրանսիական հեղափոխությունը։
1750 թվականին հեղափոխականները նույնիսկ սկսեցին խոսել պալատի հնարավոր քանդման մասին։ Լուվրին նոր շունչ հաղորդեց Նապոլեոնը, որը վերսկսեց Լուվրի վերակառուցման աշխատանքները։ Բացի այդ, Նապոլեոնը հսկայական ներդրում ունեցավ թանգարանի հավաքածուի ընդլայնման գործում՝ իր կողմից նվաճված յուրաքանչյուր ազգից ու պետությունից պահանջելով, որ հաղթողին յուրօրինակ հարգանքի տուրք մատուցի արվեստի գործերի տեսքով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում