«Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունի
БлогԱրտակ Զաքարյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՔՊ-ն իր ցածր վստահությամբ և բոլոր տիպի ձախողումներից հետո, փորձում է համոզել հասարակւթյանը, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, հայ հասարակության հետ բաց են ու անկեղծ:
Սա հերթական կեղծիքն է, որ առկա են մեր երկրի քաղաքական տիրույթում և հանրային դիսկուրսում: Մի կողմից ասում են իբրև բաց ու անկեղծ են, մյուս կողմից՝ ցանկացած կոնկրետ հարցադրման դեպքում խուսափում են պատասխանատվությունից և հղում են անում բանակցությունների գաղտնիությանը:
Նախորդ նախագահների իշխանության օրոք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Հայաստանի և Սփյուռքի հանրությանը հստակ ներկայացնում էին արցախյան կարգավորման գործընթացի հիմնական մանրամասնությունները: Հայ ժողովուրդը գիտեր, թե ի՞նչ է ակնկալում Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցություններից, որ փուլում ի՞նչ էին քննարկում նախագահները, որո՞նք են կարմիր գծերը և որտեղ են Հայաստանի շահերը:
Վերջերս Նիկոլը, այսօր էլ Ալենը կրկին հրաժարվեցին բացել այսպես կոչված «Խաղաղության պայմանագրի» նախագծի կետերը և դրանց բովանդակությունը: Բազմաթիվ ստերի, ձախողումների, կեղծ հայտարարությունների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից:
Խճճել են ամեն բան, նույիսկ հաստակ չեն ասում, թե քանի կետից է բաղկացած պայմանագիրը: Մի դեպքում հայտարարում են 16 կետ՝ որից իբրև թե 13-ը համաձայնեցրել են: Մի դեպքում՝ 17 կետ՝ որից իբրև թե 13-ը համաձայնեցրել են:
Կապիտուլացված, Արցախը հայաթափած և Ադրբեջանի կազմում ճանաչած կառավարության կողմից՝ օկուպանտ երկրի հետ 13 կետի շուրջ համաձայնվելն արդեն իսկ վտանգավոր է հնչում: Ի՞նչն են համաձայնեցրել և ի՞նչու է առ այսօր, հայ հասարակության համար գաղտնի, թե ինչպիսի՞ պարտավարություններ է ստանձնելու մի երկրի առջև, որն ակնհայտորեն շարունակում է ռազմականացվել, խուսափում է կայուն խաղաղության տանող քաղաքականություն վարել, շարունակում է իր երկրի ներսում հայ ժողովրդի նկատմամբ թշնամական քարոզչություն իրականցնել, շարունակում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալուց խոսել և այլն:
Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, և բխում են հայ և ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ գոյակցության շահերից, ապա ինչո՞ւ չեն հրապարակում և ցրում առկա անվստահության միջավայրը: Եթե 4 կամ 3 չհամաձայնեցված կետեր կան, ապա ինչու՞ երկու կողմերի հասարակություններին չեն բացատրում, թե որտեղ են առկա հակասությունները և ինչպիսի՞ մոտեցումներ ունեն կողմերն այդ հարցերում:
Առայժմ կասկածից վեր է, որ գաղտնիության քողի տակ ընթացող «Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը զուտ իշխանություն պահելու և հասարակության մոտ սին ակնկալիքներ սերմանելու նպատակ ունի:
Նույնը նաև հակասահմանադրական մեկնաբանություններով, երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգային համակարգերը վտանգող հատվածական սահմանազատման պարագայում է, երբ մայիսի 15-ին Ադրբեջանին հանձնվեցին իրավաբանորեն Տավուշի մարզի կազմում գտնվող տարածքները: Նույն կերպ գործընթացի գաղտնիության և ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ներքաղաքական ճնշումների ֆոնի վրա, սահմանազատման անվան տակ, Ադրբեջանը պահանջելու և ստանալու է իրեն հարմար այլ տարածքներ ու բարձունքներ: Սահման ունենալու տենչանքի ներքո՝ առ այսօր գաղտնի են պահվում, թե ինչ հաջորդականությամբ է իրականացվելու սահմանազատումը:
2020թ. մայիսի 6-ին ԱԺ-ում, մինչև 44-օրյա պատերազմը, Նիկոլն ասել էր. «ինչ-որ պետք է, էն էլ բանակցում ենք»: Հայ ժողովուրդը տեսավ ու սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ են բանակցում և ինչպես են բանակցում: Այսօր էլ նույնը շարունակվում է…»։