Ավերակների հեքիաթային քաղաքն «ամպերի մեջ». «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Մաչու Պիկչուն կեչուա հնդկական ցեղի լեզվով թարգմանաբար նշանակում է «հին գագաթ». դա քաղաք է ժամանակակից Պերուի տարածքում՝ Ագուաս Կալիենտես ավանից 6 կմ հեռու։ Մաչու Պիկչուն լեգենդար քաղաք է, այն թաքնված է Անդերի սրտում՝ 2400 մ բարձրության վրա։ Տեսնելով Մաչու Պիկչու քաղաքի ավերակները, որոնք տպավորիչ կերպով տարածված են ջունգլիներով ծածկված լեռների գագաթների, զառիթափ լանջերի և հովիտ իջնող հարթությունների միջև, մարդու շունչը կտրվում է: Նրանք, ովքեր ցանկանում են ուսումնասիրել այդ մոնումենտալ ավերակները և ընկղմվել հնագույն քաղաքակրթության մթնոլորտ, կարող են անցնել Ինկերի արահետով, երթուղի, որն ուխտավորներն են օգտագործել դարեր շարունակ: Այն անցնում է Օլանտայթամբոյի մոտ գտնվող Սուրբ հովտով՝ էկզոտիկ անտառներով և հոյակապ լեռներով:
Մաչու Պիկչուն անվանում են «քաղաք ավերակներում» կամ «քաղաք ամպերի մեջ», ինչպես նաև «ինկերի կորուսյալ քաղաք»։ Որոշ հնագետներ ենթադրում են, որ այդ քաղաքը ստեղծել է ինկերի մեծն տիրակալ Պաչակուտեկը՝ որպես լեռնային սուրբ ապաստան, իր կայսրության նվաճումից հարյուրամյակ առաջ, այսինքն՝ մոտավորապես 1440 թվականին, և այն գործել է մինչև 1532 թվականը, երբ իսպանացիներն են ներխուժել ինկերի կայսրության տարածք։ Սակայն իսպանացի կոնկիստադորները այդպես էլ չեն հասել Մաչու Պիկչու, քաղաքը չի ավերվել։ Անհայտ են այդ քաղաքի կառուցման նպատակը, բնակչության թիվը և նույնիսկ իրական անվանումը։ 1532 թվականին քաղաքի բոլոր բնակիչները խորհրդավոր կերպով անհետացել են։
Ենթադրվում է, որ քաղաքում և դրա շուրջ ապրել է մոտ 1200 մարդ, ովքեր այնտեղ երկրպագել են Արևի աստված Ինտիին, հող մշակել։ Ավելի քան 400 տարի այդ քաղաքը եղել է մոռացված և ամայի։ Այն հայտնաբերել է ամերիկացի հետազոտող, Եյլի համալսարանի պրոֆեսոր Հայրամ Բինգհեմը 1911 թվականի հուլիսի 24-ին։ Կառավարության կողմից ընտրված պահակախմբի և տեղաբնիկ մի տղայի ուղեկցությամբ հասնելով այնտեղ՝ նա հայտնաբերել է տեղում ապրող գյուղացիների։ Վերջիններս պատմել են պրոֆեսորին, որ իրենք այնտեղ ապրում են ազատ, առանց անցանկալի այցելուների, պաշտոնյաների, բանակ զորակոչողների կամ հարկեր հավաքողների։ Ամերիկացի հետազոտողներ Ռիչարդ Բյուրգերը և Լյուսի Սալազարը, հիմնվելով 16-րդ դարի իսպանական ժամանակագրության նյութերի վրա, առաջ են քաշել այն ենթադրությունը, որ դա եղել է Պաչակուտեկի ձմեռային նստավայրը։
Ամառվա ընթացքում՝ անձրևների ժամանակ, քաղաքում, ամենայն հավանականությամբ, մնում էր ոչ ավելի, քան 200 մարդ։ Ավելի ուշ՝ ինկերի կայսրության փլուզումից հետո, քաղաքը կորցրել է իր նշանակությունը, և բնակիչները ընդմիշտ լքել են այն։ Անդյան մշակույթի կրողները մինչ այսօր էլ Մաչու Պիկչուն համարում են անցյալի հզոր քաղաքակրթության հետ իրենց կապի խորհրդանիշը և պատմության այն մասը, որը նվաճողները չեն կարողացել ջնջել իրենց հիշողությունից։ Մաչու Պիկչուն իր փոքր չափերով չի կարող հավակնել խոշոր քաղաքի դերի, այնտեղ կա ոչ ավելի, քան 200 կառույց։ Դրանք հիմնականում տաճարներ են, նստավայրեր, պահեստներ և հասարակական կարիքների բավարարմանն ուղղված այլ շինություններ, որոնք մեծամասամբ կառուցված են լավ մշակված քարերից՝ իրար սերտ հարմարեցված սալաքարերից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում