Բայդենն ասել է, որ Հս. Կորեայի կողմից ՌԴ զինվnրներ ուղարկելը «շատ վտանգավոր» զարգացում է
Международные новостиԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստան հազարավոր զինվորներ ուղարկելը «շատ վտանգավոր» զարգացում է։ Այս մասին գրում է world.kbs.co.kr կայքը:
Բայդենը լրագրողների ներկայությամբ նման մեկնաբանություն է արել Դելավեր նահանգի Նյու Քասլ քաղաքում ԱՄՆ նախագահական ընտրություններում իր վաղաժամ քվեարկությունից հետո:
Սա առաջին դեպքն է, երբ Բայդենը հրապարակայնորեն խոսում է Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի ներկայության մասին։
Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել էր, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել ՌԴ, և որ նրանք այժմ Կուրսկի մարզում են:
«Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության խորացումը վտանգ է ներկայացնում ինչպես Հնդ-խաղաղօվկիանոսյան, այնպես էլ եվրատլանտյան անվտանգության համար: Այն խաթարում է Կորեական թերակղզում խաղաղությունը և թեժացնում Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ», - ասել էր Ռյուտեն:
Անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել էր, որ ԱՄՆ կառավարությունն ապացույցներ ունի, որ Հյուսիսային Կորեան ռազմական ուժեր է ուղարկել Ռուսաստան: Միևնույն ժամանակ Օսթինն ընդգծել էր, որ զորքերի ուղարկման նպատակը դեռ պարզ չէ։
Ուկրաինան և Հարավային Կորեան բազմիցս մեղադրել են Հյուսիսային Կորեային Ռուսաստան զորք ուղարկելու համար՝ պատերազմում նրանց օգտագործելու նպատակով: ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն նախկինում չէին հաստատել զորքերի տեղաշարժը։
«Մեր վերլուծաբանները շարունակում են ուսումնասիրել: Այժմ մենք ապացույցներ ենք տեսնում, որ հյուսիսկորեական զորքերը գնացել են Ռուսաստան: Թե ինչ են անելու, դեռ պարզ չէ: Բայց, այո, կան ապացույցներ, որ Ռուսաստանում ԿԺԴՀ-ի զորքեր կան»,- ասել էր Օսթինը: