ԱՄՆ-ի ներկայությունը Հայաստանում ավելի պրագմատիկ և իրավիճակային կդառնա՞. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
news.ru-ն գրում է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մինչև իր պաշտոնավարման ավարտն ակնկալում է ավելի շատ ծրագրեր սկսել Հայաստանում և հնարավորինս շատ գումար հատկացնել հանրապետությունում ամերիկյան ազդեցությունը պահպանելու համար, news.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով, Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո ԱՄՆ-ի մասնակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կդառնա ավելի պրագմատիկ ու իրավիճակային։ «Բայդենի վարչակազմը վերջնական ցանկություն ունի Հայաստանում հնարավորինս խթանել ծրագրերը և ավելի շատ գումարներ հատկացնել՝ ամերիկյան ազդեցությունը հնարավորինս երկար պահպանելու համար։ Մենք տեսնում ենք, որ դա արդեն սկսվել է Ուկրաինայի հետ կապված և կարող է շարունակվել Հայաստանում։ Ընդ որում, խոսքը ոչ այնքան ամերիկյան ակտիվության մասին է, որքան Եվրամիության և նրան կից կառույցների ակտիվության մասին»,- ասել է Կորտունովը։
Միաժամանակ, նա ենթադրել է, որ Թրամփի օրոք ամերիկյան ներկայությունը Հայաստանում կդառնա ավելի պրագմատիկ և իրավիճակային։ Քաղաքագետը նշել է, որ Բայդենի համար արևմտյան մոդելով Հայաստանի զարգացման հարցը որոշակի կարևորություն է ունեցել, բայց իր իրավահաջորդի համար իրավիճակն այլ է լինելու։ «Բայդենի վարչակազմի համար միջազգային հարաբերությունները պայքար են ազատական դեմոկրատիաների և ազատական ինքնավարության միջև: Ուստի, Բայդենի համար որոշակի նշանակություն ուներ Հայաստանի արևմտյան մոդելով զարգացման հարցը։ Թրամփի համար դա պակաս նշանակալից կլինի, նրան կհետաքրքրի Հայաստանը՝ որպես Իրանին հակազդելու պոտենցիալ ցատկահարթակ կամ, եթե Մոսկվայի հետ հարաբերությունները վատ զարգանան, որպես Ռուսաստանի դեմ ցատկահարթակ։ Բայց ազատական ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցերը, որոնք կարևոր էին Բայդենի համար, Թրամփի համար այլևս այդքան կարևոր չեն լինի»,- ընդգծել է Կորտունովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ը փորձում է ստիպել Հայաստանին՝ ընտրել զարգացման արևմտամետ ուղի։ Հանրապետության «ազգային ինքնասպանության» համար Վաշինգտոնն օգտագործում է ուկրաինական սցենարը։ Արտաքին հետախուզության ծառայությունը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ստիպել հայ ժողովրդին՝ հրաժարվել սեփական ավանդույթներից և ազգային սոցիալական հիմքերից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Մասնավորապես, ինչպես պարզաբանել է պետության ղեկավարը, Մոսկվան կաջակցի խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում