Կրկնակի «մանդրաժ»՝ Փաշինյանի համար
АналитикаԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի շռնդալից հաղթանակը բավական լուրջ խոսակցության առիթ է տվել Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ-ի և դեսպանների միջև ամերիկյան ուղղությամբ հովանավորների հետ։ Մինչ ընտրությունն ամերիկյան որոշ շրջանակներ հարցումներ և վերլուծություններ են դրել հայաստանյան իշխանությունների առջև, որ Քամալա Հարիսը հաղթում է։ ՀՀ իշխանություններին համոզել են, որ Թրամփի շանսերը նվազ են, դեմոկրատներն ավելի մեծ հնարավորություններ ունեն։
Արդյունքում, Փաշինյանին պարտադրել էին խաղադրույքը դնել դեմոկրատների վրա։ Պատահական չէր, որ այդ կուսակցությունների համագումարներին հիմնականում ՀՀ դեսպանն ավելի ակտիվ մասնակցում էր դեմոկրատական կուսակցության միջոցառումներին, նույնիսկ Հայաստանից է պատվիրակություն գնացել։ Միակողմանի են աշխատել ամերիկյան ուղղությամբ՝ բոլոր ձվերը դնելով դեմոկրատների զամբյուղի մեջ։
Փաշինյանը, ընտրություններից հետո, խիստ դժգոհել է դեսպան Լիլիթ Մակունցից և վերլուծական կենտրոններից, որոնք խաբել են իրեն, հանրապետականների հետ էլ կապեր չեն հաստատել։ Փաշինյանին, ըստ էության, մտահոգում է այն, որ ԱՄՆ հանրապետականները, Դոնալդ Թրամփը հայերին ուղղված իր մեսիջներում՝ կապված Արցախի, էթնիկ զտումների հետ, տվել է Արամ Ա կաթողիկոսի միջոցով, ոչ թե կապվել է կամ հանդիպել ՀՀ իշխանությունների, այլ ՀՅԴ-ի հետ։ Արամ Ա-ն, ինչպես հայտնի է, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդներից մեկն է, իսկ եկեղեցու հետ իշխանությունները դիմակայության մեջ են, նաև ուղղակիորեն ասոցացվում է Դաշնակցության հետ։ Այս դեպքում, Նիկոլը կրկնակի է տուժում, կարծում է, որ ոչ միայն հանրապետականների հետ կապեր չունեն, այլև ԱՄՆ նոր իշխանությունները կապի մեջ են հայաստանյան ընդդիմության հետ։
Այժմ ՔՊ-ում խառը վիճակ է, ուզում են հասկանալ, թե ինչ է լինելու հետագայում, երբ դեմոկրատների վրա դրված խաղադրույքը չի աշխատել։ Հիմա ոչ Ռուսաստանն է բարեկամ, ոչ ԱՄՆ նոր իշխանությունը։
Էլինա Վարդանյան