«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին
АналитикаԱռաջիկա օրերին մաքուր ածիլված ՔՊ-ականների տեսակարար կշիռն աճելու է։ Նիկոլ Փաշինյանը երեկ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է սափրվում։ «Հեղափոխական մորուքը» «Քաղպայմանագրի» պարագլխի դեմքին հայտնվել էր 2018 թ. իշխանափոխության օրերին, երբ Գյումրիից իր քայլքը սկսած Փաշինյանը փորձում էր ֆիդայու կերպար ստանալ՝ մորուքով, զինվորական շապիկով ու գլխարկով, տանջված տեսքով։
Վեցուկես տարի անց նա սափրվում է։ Ընդ որում, երեկ խորհրդարանում ունեցած իր խայտառակ ելույթից հետո Փաշինյանին, թերևս, միայն դա էր մնում։ Ադրբեջանական նարատիվների հերթական խմբաքանակը նետելով դաշտ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ևս մեկ էքսցենտրիկ քայլ կատարեց՝ ողջ քննարկումը տեղափոխելով իր մորուքի վրա։ Իսկ Անկախության հռչակագրի, Սահմանադրության, պետության դեմ նրա հայտարարություններն առժմանակ մնացին ստվերում։ Հանուն արդարության նշենք, որ Փաշինյանը հրաշալի ճանաչում է թե՛ իր ընտրազանգվածին, թե՛ հանրությանը, գիտե՝ ինչպես են արձագանքելու իր ու թիմակիցների տարբեր անհեթեթ կամ վտանգավոր հայտարարություններին, և խաղում է՝ փորձելով պահել իշխանությունը։
Սափրված, թե մորուքով, Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, նույն հանցավոր խմբի պարագլուխն է՝ Արցախը հանձնած, երկիրը ծնկի բերած, պետական գանձարանը թալանած։ Վարչապետի սափրումը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին, թեպետ շատերն առանց ձևականությունների հետևելու են իրենց առաջնորդին՝ հրաժարվելով մորուքներից, բայց ՔՊ փակ չաթերում խուլ դժգոհություն է հասունանում։ Ըստ այդմ, ՔՊ-ականները կարծում են, որ Փաշինյանն այսկերպ ակնարկում է՝ հեղափոխությունն ավարտվել է։
Իհարկե, որոշ, հատկապես, ընդդիմադիր շրջանակներ ընկել էին դավադրապաշտության գիրկը՝ հաճախ տրամաբանությունից զուրկ ենթադրություններ անելով, բայց Նիկոլ Փաշինյանը բազմիցս ապացուցել է, որ սիմվոլիզմի համար խելքն իրենը չէ։
Անի Մուրադյան